ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապաստանած շուրջ 600 սիրիահայ երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն հանրապետության տարբեր ճամբարներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Նրա խոսքով` հունիսի 14-ից կմեկնարկի ճամբարային առաջին փուլը, եւ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի հովանավորությամբ 35 սիրիահայ երեխաներ իրենց հանգիստը կանցկացնեն Լոռու մարզի «Արամյան» ճամբարում: «Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու հետ կապված ունենք մի քանի առաջարկություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Սփյուռքի նախարարությունը նույնպես ունի իր առանձին ծրագիրը»,- ասաց Ստեփանյանը: Մեկ շաբաթ հետո կմեկնարկի ճամբարային հանգստի երկրորդ փուլը, որի ընթացքում եւս ճամբաչում կհանգստանան 35 սիրիահայեր:
Ստեփանյանի խոսքով` հուլիսին 100 սիրիահայ երեխա գնալու է Լոռու մարզի «Ծիծեռնակ» ճամբար` ամառային հանգիստն անցկացնելու: «Միջազգային երեք կազմակերպությունների, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, իրենց ամառային հանգիստը Լոռու մարզի ճամբարում կվայելեն եւս 300 սիրիահայ երեխաներ: 16, 17 տարեկանների համար էլ նախատեսում ենք կազմակերպել էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր»,- ասաց նա:
Մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետի տեղեկացմամբ` ծրագիր կա նաեւ նախադպրոցական տարիքի երեխաների համար: 5-6 տարեկան սիրիահայ երեխաները երկամսյա ծրագրի միջոցով պատրաստվելու են դպրոց գնալուն: « Սիրիահայ երեխաների մի մասը չի հաճախում մանկապարտեզներ եւ իրենց համար սեպտեմբերմեկյան խնդիր կլինի տանից միանգամից գնալ հայկական դպրոց, որտեղ առարկաները դասավանդվում են արեւելահայերեն»,-հավելեց Ստեփանյանը:
Սիրիայից Հայաստան օդային հաղորդակցության եւ ցամաքային վտանգավոր ճանապարհների առկայության դեպքում այս տարի սփյուռքի նախարարության աջակցությամբ Սիրիայից Հայաստան երեխաներ չեն բերվի` ամառային հանգիստն անցկացնելու նպատակով: «Եթե առաջիկայում օդակայանն ապահով լինի, միգուցե այդ դեպքում նաեւ նման ծրագիր ունենանք»,-հավելեց նա:
Սիրիայում 2011 թվականի մարտ ամսից տեղի ունեցող արյունալի դեպքերից հետո Հայաստանում ապաստան է գտել մինչեւ 18 տարեկան մոտ 1000 սիրիահայ երեխա: