ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապաստանած սիրիահայերի առաջարկած 31 գործարար ծրագրեր ֆինանսավորվել են Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանը, անցած վեց ամիսներին սիրիահայ գործարարներին տրամադրվել է 137 մլն դրամի ֆինանսավորում։ «Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ գործարարներն իրենց բիզնեսն են սկսել հաստոցաշինության, ոսկերչության, ավտոտեխսպասարկման, սննդի արտադրության և հասարակական սննդի, կահույքագործության, մանկական հագուստի արտադրության և այլ ոլորտներում: Կենտրոնի աջակցությամբ կազմակերպվել են նաև սեմինարներ և դասընթացներ ինչպես գործարար ծրագրավորման, այնպես էլ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը: Առաջիկայում ծրագրվում է կազմակերպել ևս 2 սեմինար՝ ներգրավելով 40 մասնակիցների։

ՀՀ կառավարությունը շարունակում է օգնել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նրանց համար Աշտարակ քաղաքում կկառուցվի «Իմ Հալեպ» թաղամասը։ Սիրիահայերի համար Հայաստանում ստեղծվել են նաև հատուկ պայմաններ բիզնեսի համար։ Նրանց առաջարկվել է բիզնեսի վարկավորում մինչև 5 մլն դրամի սահմաններում, 5 տարի մարման ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով։

2012 թվականին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի թիվը կազմել է շուրջ 6500։ Նույն ժամանակաշրջանում 4900-ից ավելի սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն: 591-ն էլ արդեն դիմել է քաղաքացիություն ստանալու համար: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են 425 սիրիահայ 168 ընտանիքից, նրանցից 44-ը ապահովվել են հատուկ կացարաններով: