1in.am – Սիրիայում արդեն երկու տարուց ավել ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով հազարավոր հայեր եկան Հայաստան: Նրանցից ոմանք հարմարվել են այստեղ՝ աշխատանք գտել, իսկ զգալի հատվածն աշխատանք չգտնելու պատճառով ստիպված է երկրորդ անգամ արտագաղթել, այս անգամ ոչ թե հետ՝ Սիրիա, այլ՝ ուրիշ երկրներ:

Նշենք, որ շուրջ 37 սիրիահայ ընտանիք բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում, հիմնականում՝ Քաշաթաղ շրջանում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, էլ ավելի շատ մարդիկ են ցանկանում գնալ և բնակվել Ղարաբաղում, սակայն այդքան հնարավորություն իրենք էլ չունեն. «Պատրաստի բնակարաններ հիմա էլ չկան, կառուցվում են, էլի դիմողներ կան՝ մոտ 5-6 ընտանիք այս պահին Երևանից դիմել են, եթե կարողնանք այդ խմբին տեղավորել, արդեն կգա հաջորդ խմբաքանակը»։

Նա նշեց, որ անխտիր բոլորին ապահովում են աշխատանքով․ «Եթե ուզում են աշխատել, եթե հողագործությամբ չեն զբաղվում, քաղաքներում են բնակվում՝ աշխատանքով ապահովում ենք»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչով նրանց փորձում են ընդառաջել՝ կախված, իհարկե, հնարավորությունից, բայց սիրիահայերի մուտքը Լեռնային Ղարաբաղ, Մաթևոսյանի խոսքերով, խրախուսվում է:

Ի դեպ, սիրիահայերը Ղարաբաղում մտադիր են մշտական բնակություն հաստատել, նրանց մեծ մասն արդեն գրանցում ունի, երեխաները գնում են դպրոց և մանկապարտեզ. «Հատուկ առանձնացված ուսուցիչներ կան, որ երեխաների հետ առանձին դասաժամերով զբաղվում են՝ լեզվական անհարթությունները շտկելու համար: Մարդկանց մի մասը չի կարողացել Հայաստանում իր կյանքն ապահովել՝ աշխատանքի խնդիր կար, բնակվելու վայրի խնդիր, իսկ մյուս մասն էլ իրականում ասում է, որ մանկուց երազել է Ղարաբաղում ապրել»:

Ռ. Մաթևոսյանը հավելեց, որ նրանց մեջ կան կահույքագործներ, բժիշկներ, արհեստավորներ, հողագործությամբ զբաղվող մարդիկ: