ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքից Երևան տեղափոխված Պետրոս Բալուլյանը հայրենիքում հաստատվել է, հիմնել սեփական բիզնես` աշխատանքով ապահովելով նաեւ լիբանանահայ ու երեւանցի պրոֆեսիոնալների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց սիրիահայ գործարարը, բավական երկար ժամանակ չի կենտրոնացել ու կողմնորոշվել ավելի նպատակահարմար զբաղմունքի ընտրության հարցում: Ի վերջո ընտրել է գեղեցկության յուրօրինակ սրահ բացելու գաղափարը: «Երկար մտորումներից ու փորձերից հետո որոշեցի Երևանում հիմնել գեղեցկության սրահ, որը տարբեր կլինի մնացած սրահներից: Այստեղ աշխատող մասնագետները սիրիահայեր չեն: Սրահում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր երկար տարիների աշխատանքային փորձ ունեն, վերապատրաստվել են եվրոպական մի շարք երկրներում ու կարող են բարձր մակարդակով սպասարկել հաճախորդներին»,- ասաց Պետրոս Բալուլյանը:
Սիրիահայ գործարարը Հայաստան է տեղափոխվել 8 տարի առաջ: Գործնական ու կենցաղային հարցերը լուծելուց կետո տեղափոխել է նաև ընտանիքին` կնոջն ու միակ որդուն: «8 տարի առաջ ընտանիքիս անդամների հետ որոշում կայացրինք փորձել և Հայաստան տեղափոխվել: Սկզբում դժվար էր, քանի որ առաջին 4 տարին ես այստեղ մենակ էի, իսկ ընտանիքս Հալեպում էր: Սակայն ամենակարևորն այն էր, որ ես հաստատվեցի նախօրոք որոշում կայացնելուց հետո և ոչ թե հարկադրված: Տեղափոխվելով Հայաստան` ինձ համար շատ դժվար էր, քանի որ մտածում էի, որ միգուցե ինձ ու կնոջս համար լավ լինի, սակայն չէի կարող երեխայիս ճակատագրի հետ խաղալ: Հնարավոր է` նա սկզբում այստեղ չէր հարմարվում ու չէր կարողանում ապրել, սակայն հիմա ամենաերջանիկն ինքն է, քանի որ կարողացավ շատ շուտ սովորել երկրի առանձնահատկություններին ու հանգիստ ապրել»,- ասաց Պետրոս Բալուլյանը:
Ավելի ուշ` նախորդ տարի նրանց են միացել նաև Պետրոս Բալուլյանի ծնողներն ու մի քանի հարազատները, ովքեր Հալեպից Հայաստան են տեղափոխվել Սիրիայում տիրող ներքաղաքական խնդիրների պատճառով: Ընտանիքի մյուս անդամների Հայաստան տեղափոխվելը Բալուլյանին ստիպել է վերջնական որոշում կայացնել ու Սիրիա տեղափոխվելու մասին այլևս չմտածել:
Anna lotan գեղեցկության սրահում աշխատում է լիբանանահայ ոճաբան-վարսահարդար Ջորջ Բեդուրյանը, ով որոշել է թողնել Լիբանանում գործող իր ոճաբանական ստուդիան ու տեղափոխվել Եվրոպա: Սակայն Պետրոս Բալուլյանի առաջարկով Ջորջը տեղափոխվել է Հայաստան ու աշխատանքի անցել նորաբաց գեղեցկության սրահում: Երկար տարիներ աշխատելով տարբեր ազգերի կանանց հետ` Ջորջը միանգամից նկատում է նրանց ազգային առանձնահատկություններն ու նշում, որ հայ, սիրիացի, լիբանանցի և եվրոպացի կանայք շատ են տարբերվում իրարից: Տարբեր են նաև նրանց ճաշակները: «Ես շուրջ 10 տարի առաջ եղել եմ Հայաստանում ու սպասարկել եմ կանանց: Այժմ նրանք շատ են փոխվել. ավելի համարձակ են դարձել, ճաշակով ու նաև հեշտությամբ են ընտրում նոր ոճը»,- ասաց նա: Ջորջի ու հաճախորդների հետ հաղորդակցվելու միակ խնդիրը բարբառային տարբերությունն է, ինչն էլ շտկվում է աշխատակիցների օգնությամբ:
Կիևյան 11 հասցեում գործող Anna lotan գեղեցկության սրահը գործում է շուրջ երկու ամիս, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 2-ին, որին մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի վերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը: Հայաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր ծրագրերով:
Պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը