ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նախատեսված «Իմ Հալեպ» թաղամասի կառուցման համար սիրիահայերի ֆոնդին տրամադրվել է 43 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, առաջին նվիրատուն «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն է: Թաղամասի կառուցման աշխատանքներն արդեն նախապատրաստական փուլում են: «Անցյալ շաբաթ սիրիահայերը եկան ու հաստատեցին իրենց նախընտրած հատակագիծը, որն անվճար հիմունքներով տրամադրել էր Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը»,-ասաց Լենա Հալաջյանը` նշելով, որ թաղամասում կլինեն պոլիկլինիկա, խանութներ և այլն: Համաձայն նոր հատակագծի` թաղամասի համար առանձին դպրոց ու մանկապարտեզ չի լինի, քանի որ թաղամասին մոտ գտնվող դպրոց ու մանկապարտեզ արդեն կա:

Աշտարակ քաղաքում 5 հա հողատարածք է առանձնացվել Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բազմաբնակարանային շենքեր կառուցելու համար: Տարածքն առանձնացրել է Աշտարակի քաղաքապետարանը: Նախատեսվում է նման թաղամասեր կառուցել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում, մասնավորապես Էջմիածնում: Բնակարանները կառուցելու համար կհայտարարվի մրցույթ, ինչի արդյունքում կընտրվի շինարարական կազմակերպությունը: Մինչև Սիրիայի ներքաղաքական լարված իրավիճակը` երկրում ապրում էին 70-80 հազար հայեր: Վերջին երկու տարիների ընթացքում երկիրը լքել են շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնցինց 12 հազարը եկել են Հայաստան: Հետագայում մի մասը կրկին հեռացել է, մի փոքր մասն էլ հաստատվել Եվրոպայում կամ Ամերիկայում: Այժմ Հայաստանում ապրում է 7 հազար սիրիահայ: