ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը շարունակում է բավականին ժողովրդականություն վայելել: Մայիսի 31-ին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ ներկայացուցչի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանը սիրիական հարցում: «Ինչո՞ւ բոլորը չեն միանում ընդդիմադիր խմբավորումներին, ինչո՞ւ նրանց շուրջ չեն համախմբվում ու ստեղծում միասնական ուժ, քանի որ մարդիկ չգիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել: Այդ պատճառով կարևոր է հաշվի նստել բոլորի հետ ու ուղիներ գտնել հաստատելու խաղաղություն Սիրիայում»,- ասաց նախարարը` անդրադառնալով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը:

Սիրիայում ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ Եվրամիության անդամ պետությունների նախարարների մակարդակով հանդիպումների ընթացքում, նրա համոզմամբ, հաշվի չեն առնվում մի քանի կարևոր հանգամանքներ: «Հարցի շուրջ կազմակերպված Ժնևի առաջին խորհրդաժողովում չեն հրավիրվել պետություններ, որոնք տարածաշրջանում լրջագույն ազդեցություն ու դերակատարություն ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը՝ ընդգծելով, որ ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պայմանավորվածությունը՝ Սիրիայի հարցով երկրորդ խորհրդաժողով կազմակերպելու համար:

Նա նշեց, որ նախարարների կոմիտեն քննարկել է մարդու իրավունքների նորմերի խախտումները, հանդես եկել դրանց քննադատությամբ, միաժամանակ կողմ արտահայտվել ու ողջունել ՄԱԿ-ի ջանքերը Սիրիայի հարցում: «Սակայն ես, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ով Մերձավոր Արևելքում տևական աշխատանքի փորձ ունի, նախ ցանկանում եմ ողջունել Ժնևյան խորհրդաժողովի աշխատանքը, սակայն և պետք է հասկանալ, որ առաջին փորձը ձախողվել է: Դրա արդյունքում ընդունված հռչակագիրը, որևէ կերպ իր նպատակներին չհասավ ու դեռ ավելին. առաջին վեհաժողովին սահմանափակ թվով պետություններ էին հրավիրվել, որոնց թվում չկային Իրանը, ինչպես նաև Սաուդիան Արաբիան: Իսկ մենք գիտենք, թե այդ երկու պետություններն ինչ կարևոր ազդեցություն ունեն տարածաշրջանում և մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որ հրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը` առանց որևէ նախապայմանի»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ Հայաստանը շարունակում է պահպանել դիվանագիտական ներկայացուցչությունը Հալեպում, քանի որ այնտեղ շարունակում են մնալ 40-50 հազար հայեր:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իրենք շարունակում են աշխատանքները Սիրիայում տիրող ճգնաժամը հարթելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հյուպատոսարանն այս պահին Հալեպում գործող միակ հյուպատոսարանն է, քանի որ մնացած բոլորը փակվել են, իսկ խնդիրը Սիրիայում շարունակում է խնդրահարույց մնալ, ճգնաժամը գնալով ավելի է խորանում:

Սիրիայում ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ պայքարը չի դադարում դեռ 2011 թվականի մարտից: ՄԱԿ-իտվյալներով` այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 70 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Արտագաղթածների թիվն արդեն անցնում է մեկ միլիոնը: