panorama.am – Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետիկ Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, տիկին Բետի Մինասյանի, ինչպես նաև Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված այս երգչախմբի նպատակն է շարունակել սիրահայության մշակութային ավանդույթները և աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաև՝ արաբական երգեր: