ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Նանե Բագրատունու «Քեսապ» վավերագրական ֆիլմն առաջին անգամ հանրության դատին կհանձնվի մայիսի 7-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Բագրատունին նշեց, որ ֆիլմը կպատմի Սիրիայի սահմանին գտնվող Քեսաբ հայաբնակ ավանի մասին:
««Քեսապ»-ի մասին Արեւելյան Հայաստանում շատ բան չգիտեն, այդ պատճառով ֆիլմը նաեւ ազգագրական, մշակութային առումով է արժեքավոր, քանի որ ներկայացնելու է ավանում բնակվող հայերի պատմությունները»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով` իր տարբերություն համշենահայերի, որոնք մահմեդական կրոն են դավանում, քեսաբցիները քրիստոնյա են:
Բագրատունին նշեց, որ «Քեսապ» ֆիլմերի շարքի նկարահանումները կշարունակվեն նաեւ առաջիկայում:
Վավերագրական 30 րոպե տեւողությամբ ֆիլմը կներկայացվի հանդիսատեսի դատին հայերենով` անգլերեն ենթագրերի ուղեկցությամբ:
«Քեսապ» ֆիլմի սցենարի համահեղինակներն են Նանե Բագրատունին եւ Հայր Համազասպ Քեշիշյանը, օպերատորը Լիպարիտ Ասատրյանն է:
Ֆիլմի պրեմիերային զուգահեռ կբացվի նաեւ Անահիտ Գրիգորյանի «Հալեպյան մոտիվներ» խորագրով օֆորտային աշխատանքների եւ Լիպարիտ Ասատրյանի հետ համատեղ Քեսաբում արված լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչ մայիսի 9-ը:
Նախագիծն իրականացվել է Մխիթարյան միաբանության, ինչպես նաեւ Քեսաբի եւ Հայաստանի հայ բարերարների աջակցությամբ: