ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կրկին դադարեցվել է. Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթները հետաձգվել են: Առաջին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Չվերթները պետք է դառնային պարբերական՝ ամեն չորեքշաբթի ժամը 03:10-ին, սակայն մայիսի 1-ին և մայիսի 8-ն նախատեսված չվերթները չեն կայացել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախնական տվյալներով` գուցե հաջորդ չվերթը լինի մայիսի 15-ին:

Նրա խոսքով՝ պատճառների մասին չի հաղորդվում: Նորություն չկա նաև դեպի Հալեպ և Լաթաքիա իրականացվող չվերթներից: Դամասկոս-Ղամիշլի-Երևան առաջին չվերթով Հայաստան էր եկել 68 մարդ, մեկնել` 12-ը: Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթի միակողմ տոմսն արժե 176 հազար 20 դրամ, իսկ երկկողմը` 270 հազար 160 դրամ: Հալեպ-Երևան չվերթները դեռ 2012թ. հուլիսին արժեին 118 հազար 600 դրամ` մեկ ուղղությունը, եւ 210 հազար 300 դրամ` երկու ուղղությամբ: Իսկ այս տարի մինչ չվերթների փակումը դեպի Սիրիա տոմսերն արժեցել են շուրջ 165 հազար դրամ` միայն մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը` շուրջ 248 հազար դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ էր հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին: Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չի հաղորդում: