tert.am – Հալեպում հայ տղամարդ է սպանվել: Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Հալեպի աղբյուրները, սիրիահայ համայնքի հերթական զոհը Րաֆֆի Դաղլյանն է: Նա մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:
Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի հայաշատ թաղամասերում երկու օր անընդմեջ ականներ էին պայթել: Դրանց հետևանքով թեթև վնասվածքներ էին ստացել երկու հայեր:
Թեև քաղաքի կենտրոնական շրջանները բախումների անմիջական թատերաբեմ չեն դարձել, սակայն հարակից շրջաններից արձակված ականները կամ փամփուշտները հաճախ են հայտնվում այդ շրջաններում:
Քաղաքում խորացել է տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի մատակարարումը գործում է էական խափանումներով, գրեթե չի գործում բջջային և քաղաքային հեռախոսակապը, քաղաքում համատարած գործազրկություն է ու գնաճ:
Սիրիայում կառավարության զորքերի և զինյալ ընդդիմության միջև բախումներն սկսել են 2011թ մարտից, և մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Այս ընթացքում զոհված հայերի թիվն անցնում է հինգ տասնյակը: