ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն գրեթե մեկ հարյուրամյակ է անցել Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, սակայն պաշտոնական Անկարան նախկինի նման շարունակում է հերքել իր իսկ կողմից իրականացված կոտործաները և աջակցում սիրիացի իսլամիստներին, որոնք առևանգում և սպանում են քրիստոնյաներին և հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր հոդվածում գրել է հայտնի քաղաքագետ, France Soir ընկերության նախկին աշխատակից, Մեցի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ալեքսանդր դել Վալը:

Քաղաքագետը գրում է, որ մինչ թուրքական կառավարությունը բանակցություններ է վարում ներքին թշնամու` Քրդական բանվորական կուսակցության հետ, հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքվել էին ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն թուրքական կառավարությունը ոչ միայն հերքում է կատարվածը, այլ նաև դպրոցական դասագրքերում պնդում է, որ հայերն ինքներն են ցեղասպանության ենթարկել թուրքերին, ինչն էլ առաջ է բերել թուրքական կողմի համապատասխան գործողությունները: «Թեպետ վերջին շրջանում Թուրքիայում շատերն են կոչ անում ժողովրդավար դարձնել հասարակությունը, սակայն թուրքական քաղաքական կուսակցությունները և ազգային-իսլամիստական կառավարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մինչև հիմա չեն ցանկանում պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը: Դեռ ավելին, այսօր Թուրքիան ճնշումներ է գործադրում այն երկրների նկատմամբ, որոնք օրենքներ են ընդունում ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ»,- նշում է Ալեքսանդր դել Վալը` որպես օրինակ բերելով վերջին տարիներին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առաջացած դիվանագիտական լարվածությունը:

Քաղաքագետի կարծիքով` Էրդողանը ամենևին էլ չի պատրաստվում ընդունել ազգայնականների կողմից քրիստոնյա առաջնորդների` Հրանտ Դինքի, եպիսկոպոս Անրեա Սանտորիոյի, կաթոլիկ եպիսկոպոսների ղեկավար Լուիչի Պադովեզեի մահվան մեղքը: Դեռ ավելին, Անկարան շարունակում է հպարտորեն աջակցել Սիրիայի իսլամիստներին, որոնք առևանգում և սպանում են քրիստոնյաներին, այդ թվում և հայերի: «Այդ մարդիկ երկար ժամանակ հանգիստ ապրել են Սիրիայում, որտեղ կարողացել էին ապաստան գտնել Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո: Սակայն այսօր նրանց գոյությունը հայտնվել է վտանգի տակ իսլամիստ ապստամբների պատճառով, ովքեր պնդում են, որ նրանք խանգարում են «հեղափոխությանը» և «աջակցում են Ասադին»: Սիրիայի հայկական համայնքում կան հարյուրավոր սպանվածներ, անհետ կորածներ և գերի ընկածներ: Թուրք-սիրիական սահմանին բնակվում են ոչ քիչ քանակությամբ թուրքմեններ: Վերջիններս զենք են ստանում Թուրքիայից և այժմ խոսում են հայերի ցեղասպանության նախապատրաստության մասին այն պարագայում, եթե հայերը շարունակեն հակառակվել Սիրիայի անկախ բանակին: Սակայն Արևմտյան մամուլը, որը սովորաբար մեծ տեղ է հատկացնում փոքրամասնությունների պաշտպանությանը, չգիտես ինչուն լռում է այդ մասին… Եվ ում է արդյոք հետաքրքրում Թուրիքիայի քրիստոնյաների ճակատագիրը…»,- այսպես է իր հոդվածը եզրափակում Ալեքսանդր դել Վալը: