ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Հրայր Ակիլյանն, ով երկար տարիներ գործի բերումով եղել է աշխարհի տարբեր երկրներում, իր կեցության հանգրվանն ընտրել է Հայաստանը: Նա այստեղ է տեղափոխվել Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքից` մշտական բնակություն հաստատելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ակիլյանը, անչափ ուրախ է, որ հայրենիքում է: «Չնայած առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն փոքրուց դաստիարակված եմ հայրենասիրական ոգով: Հայկական նախակրթարանում և վարժարանում մեզ սովորեցնում էին հայերեն, իսկ մենք միշտ լսում էինք «Հայաստան», «հայրենիք», «Արարատ», «Սասունցի Դավիթ» և նման այլ բառեր ու անուններ: Երբ առաջին անգամ Հայաստանում իմ պատշգամբից տեսա Արարատը, անչափ հուզվեցի և այդ ժամանակ միայն հասկացա այդ բառերի իմաստը»,- հուզմունքով պատմեց Ակիլյանը:

Նա շատ ուրախ է, որ հայրենիքում Ակիլյանների ընտանիքին ջերմ ու սրտաբաց են դիմավորել: Դա նրանց հոգեպես հանգստացնում եւ մխիթարում է, հատկապես որ շուրջ մեկ տարի ապրել են պատերազմական դժվարին իրավիճակում: «Պատերազմական պահերի ուղղակի նկարագրմամբ անհնար է ամբողջությամբ պատկերացնել դրության լրջությունը: Կարևորն այն է, որ հիմա ողջ և առողջ ենք: Չնայած շատ բան կորցրինք` տուն, աշխատանք, ունեցվածք: Նույնիսկ հիվանդ մորս եմ թողել այնտեղ»,- ասաց նա:

Հրայր Ակիլյանը սկզբում Հայաստան է տեղափոխվել միայնակ, այնուհետև նրան են միացել կինը, քիչ ավելի ուշ` միակ աղջիկն իր ամուսնու ու երեխայի հետ: «Մենք պարբերաբար վատն էինք լսում Հայաստանի մասին, այդ է պատճառը, որ սկզբում միայնակ եկա: Կնոջս հետ պայմանավորվեցի` եթե լավ լինի, նա կմիանա ինձ, եթե ոչ` մենք կհանդիպենք Բելգիայում: Երբ առաջին օրն արթնացա և դուրս եկա քաղաք զբոսնելու, հասկացա, որ Հայաստանից լավ ու գեղեցիկ երկիր չկա: Հենց նույն պահին զանգահարեցի կնոջս ու կանչեցի ինձ մոտ: Ասացի, որ սա մեր վերջնական կայանն է: Նա միշտ խորհուրդ է տալիս ընտանիքին նույնիսկ չերազել վերադառնալու մասին:

Հրայր Ակիլյանը Հայաստանում զբաղվում է փայտամշակմամբ: Նրա գնահատմամբ` Հայաստանի և Սիրիայի հաճախորդները տարբեր են իրարից. սիրիացիներն ավելի բծախնդիր են: Այնուամենայնիվ, պահանջների տարբերությունը չի խանգարում սիրիահայ հայրենադարձին ստեղծել որակյալ արտադրանք: «Առաջին հերթին որակն է: Եթե կա որակով արտադրանք, հաճախորդ գտնելը հեշտանում է: Հայաստանում փոքր-ինչ այլ է խնդիրը. այստեղ որակյալ արտադրանքը թանկ է, իսկ մենք որոշել ենք արտադրել որակյալ, բայց` մատչելի ապրանք»,- ասաց Ակիլյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի վերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը: Հաաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր ծրագրերով: