eMedia.am – Այդ օրը Բերքաձոր գյուղի դաշտերում խաղացող քամին սովորականից ուժեղ էր: Դավիթը չնայած քամու տհաճությանը, կիսաթև շապիկով, ռետինե երկարաճիտ կոշիկներով ու գլուխն «արաֆատկայով» փաթաթած, դաշտում համաչափ քայլերով հետևում է աշխատող տրակտորին: Ականջակալներում երաժշտությունն էր հնչում, իսկ վարորդի հետ շփվում էր նշաններով: Դավիթը՝ ձեռքի արդեն վարժ շարժումներով տրակտորիստին միևնույն ազդանշաններն է տալիս. առաջ, կանգնել, իջեցնել, փորել, և այսպես՝ 15 հեկտար:

Ահա Դավիթին փոխարինում է Հովիկը, որ գործը հանկարծ չկանգնի:Կուտակված ամպերից երևում էր, որ եղանակը հաստատ փոխվելու է: Քամին ավելի ուժեղացավ և Դավիթին առաջարկեցինք զրուցել մեքենայի մեջ:

Հալեպից 30-ամյա Դավիթ Մադարյանը պատմեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ օգնում է սիրահայ Հովիկ և Վրեժ Ասմարյան եղբայրներին ԼՂՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում ցիտրուսի, զեյթունի և այլ մրգատու ծառերի այգի մշակելու գործում: 8 ամիս առաջ Դավիթն աշխատանքի փնտրտուքով եկավ Հայաստան: Դեռ Սիրիայում ապրելու ժամանակ նա ճանաչում Էր Վրեժ Ասմարյանին և տեղյակ էր, որ նրանք վաղուց Արցախում են ապրում:

«Մտքումս հեչ չկար Արցախ գալ, ուղղակի զանգեցի Վրեժին, նա էլ ասաց, որ մտադիր են այգեգործությամբ զբաղվել: Ինձ էլ հրավիրեց, ասաց արի, տես, եթե հավանես, կմնաս: Եկա, հավանեցի այստեղի օդը, ժողովրդին: Չգիտես ինչու,այստեղ ամեն ինչ ինձ ավելի հարազատ թվաց, քան Հայաստանում»,-eMedia.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը: Մասնագիտությամբ ոսկերիչն, ով մինչ այդ հողագործությամբ երբեք չի զբաղվել, խոստովանում է, որ շատ հետաքրքիր է աշխատել հողի՝ «անխոս կյանքի հետ», որը մի քանի տարուց հետո պիտի լավ արդյունք տա:

«Դպրոցում այնքան էլ լավ չեմ սովորել ու յոթերորդ դասարանից հետո սկսել եմ ոսկերչությամբ զբաղվել: Հայրս էլ լավ մեխանիկ էր, բայց քանի որ արդեն տարիքն այն չէր, որոշեցի օգնել նրան: Հալեպում մի փոքրիկ արտադրամաս բացեցինք և սկսեցինք ձեթի ու դիզվառելիքի ֆիլտրներ արտադրել: Վեց տարի վնասով աշխատելուց հետո փակեցինք այն: Դրանից հետո չորս տարի Ասմարյան եղբայրների ընտանիքի Ասմարյաննրի ընտանիքի Խաչիկ Ասլանյանի հիմնադրամում պահեստապետ աշխատեցի մինչև Սիրիայի դեպքերի սկսվելը»,-պատմում է Դավիթը:

Հարցնում ենք, թե այստեղ ապրելու դժվարությունները որոնք են և ի պատասխան լսում՝ աշխատող մարդու համար ոչ մի դժվարություն էլ չկա: Աշխատասեր մարդը, ուր էլ որ գնա, կարող է իր հանապազորյա հացը վասատկել: Հիմա Դավիթը Ստեփանակերտում տուն է վարձում: Հայկական անձնագիր ստանալու համար արդեն դիմել է պատկան մարմիններին: Քաղաքացիություն ստանալուց հետո պատրաստվում է տան հոգս անել, որպեսզի նաև ծնողներին կարողանա Արցախ բերել: Սիրիայում կրքերը հանդարտվելու դեպքում անգամ հետ՝ Հալեպ գնալու հավանականությունը Դավիթը բացառում է: Ըստ նրա՝ Սիրիան իր հայրենիքն է, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է, իսկ Արցախը՝ իր «մայրենիքը»:

«Ամեն դեպքում մարդու համար մայրն ավելի մոտ է, քան թե հայրը, չէ՞», – հռետորական հարցով կարծես ինքն իրեն պատասխանեց նա: Հարցնում ենք, կուզե՞ս այստեղ ընտանիք կազմես, երեխաներդ այստեղ մեծանան: Դավիթն առանց երկմտելու ժպտաց, ապա ասաց, որ ինքն արդեն նշանված է և շուտով սիրած աղջիկը ծնողների հետ Արցախ է գալու:

«Ընտանիք կազմելն, ըստ իս, սուրբ գործ է, այն ժամանակ է պահանջում: Թող հարսնացուս ու նրա ծնողները գան Արցախը տեսնեն, եթե հավանեն, կմնան, իրենք էլ մի գործով կզբաղվեն այստեղ: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ապա երկու քույրերս Երևանում արդեն աշխատում են, չնայած նրանցից մեկն ուզում է Ամերիկա գնալ՝ հորեղբորս մոտ: Ծնողներս էլ Երևանում էին, բայց վերջերս հետ Հալեպ գնացին: Տուն-տեղ եթե անտեր մնաց, ամբողջը կթալանեն: Մեծահասակների համար Հալեպում մնալը քիչ վտանգավոր է, քան երիտասարդների, որոնց հայ լինելու համար միայն գերի են վերցնում, ազատելու դիմաց փող պահանջում, կամ էլ առանց պատճառի սպանում»,-պատմում է նա: Դավիթի հարսնացուն էլ իր պես առաջին անգամ պիտի գա Հայաստան ու Արցախ:

Նա պատմում է, որ հիմա Արցախը սիրած աղջիկը գիտի միայն իր պատմածներից: Երիտասարդը խոստովանում է, որ ինքն էլ աշխատում է ամեն ինչ սիրուն ներկայացնել, ապա ուղղելով ինքն իրեն ասաց՝ էլ ինչը սիրունացնես, բնությունը հրաշք է, ժողովուրդն էլ մաքուր սիրտ ունի ու շատ բայրացակամ է:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է նախընտրում ազատ ժամանակն անցկացնել, Դավիթն ասաց, որ Հալեպում ընկերներով գործից հետո կամ հանգստյան օրերին հաճախ էին հավաքվում սրճարանում ու զրուցում, կամ էլ քաղաքից դուրս գնում: Բայց այստեղ իր համար որոշել է, որ միառժամանակ ուշադրությունը կենտրոնացնելու է միայն աշխատանքի վրա, որից հետո միայն կմտածի ակտիվ հանգստի մասին:

Քնար Բաբայան Լրագրող