lragir.am – Հայաստանում բնակվող սիրիահայերի գլխավոր խնդիրները շարունակում են մնալ բնակարանի և աշխատանքի խնդիրը: «Այսօր երկու խնդիրները կամաց-կամաց լուծվում են, բայց եթե նորից խնդիրները շարունակվեն, սիրահայերի նոր հոսք է սպասվում Հայաստան, և խնդիրները նորից կվերակենդանանան»,- Lragir.am-ին ասաց Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն ՀԿ-ի հիմնադիր անդամ, սիրիահայ Ալեքսան Կարադանայանը, ով այսօր մասնակցում է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին:

Նա նշեց, որ ամռանը սիրիահայերի նոր հոսք է սպասվում Հայաստան, քանի որ ամռան ամիսներին ցամաքային ճանապարհով ավելի հեշտ է Հայաստան գալը, բացի այդ, Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ըստ հաշվարկների՝ շաբաթական 20-30 սիրիահայ կգա Հայաստան, ինչի արդյունքում, ըստ Կարադանայանի, էլ ավելի կսրվի բնակարանով ապահովման ու աշխատատեղի խնդիրը:

Նա նշեց, որ նաև նկատվում է միտում, որ Հայաստանից սիրիահայերը վերադառնում են Սիրիա: «Իրենց գումարը վերջանում է, դժբախտաբար ամուսինները գնում են Սիրիա՝ ընտանիքը թողնելով այստեղ, որ գումար աշխատեն, ուղարկեն իրենց ընտանիքներին»,- ասաց նա:

Այսօր Հայաստանում, Ալեքսան Կարադանայանի տեղեկացմամբ, 6000-7000 սիրիահայ կա, ամեն շաբաթ այդ թիվն ավելանում է: «Երեկ ցամաքային տրանսպորտի ոլորտի մեկ ընկերության հետ էինք խոսում, ասում են, որ հաջորդ ամիս արդեն երկու ավտոբուսով են տեղափոխելու սիրահայերին, ավելանալու է թիվը»,- նշեց նա:

Հայաստանում աշխատանք չգտնելով՝ սիրիահայերն, ըստ Ալեքսան Կարադանայանի, նաև գնում են այլ երկրներ: Հիմնականում գնում են արաբական երկրներ և Թուրքիա: «Մի քանի ընտանիքներ գնացին Թուրքիա, ոսկերիչներ էին: Բայց հիմնականում նախընտրում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում մնալ, քան թե գնանք այդ օտարների մեջ մնանք»,- ընդգծեց նա: