yerkir.am – Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ մեկնարկեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվեցին Սիրիայի ներքաղաքական զարգացումների հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները: Նա հայտնեց, որ մինչև 5 մլն դրամ և 5 տարի տևողության վարկեր են տրամադրել սիրիահայերին` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:
Կենտրոնի ղեկավարի խոսքով 137մլն դրամ վարկավորման արդյունքում սիրիահայերի կողմից 31 նոր ձեռնարկություն է ստեղծվել, որոնցից 12-ն արդեն գործունեություն են ծավալում, իսկ մյուսները` ծրագրային փուլում են:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց անձամբ այցելել այդ ձեռնարկատիրություններ և տեղում ծանոթանալ իրավիճակին: Սփյուռքի նախարարը կոչ արեց լրատվամիջոցներին ակտիվորեն ներկայացնել սիրիահայ գործարարներին:
Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքի համար իրենց դիմել է 515 սիրիահայ: Նրանց աշխատելու հնարավորություն է տրվել, սակայն շատերը չեն ցանկացել հարմարվել աշխատանքի պայմաններին և աշխատավարձին:
Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց.
«Արդեն 700-ն աշխատանք են գտել, ուզեն թե չուզեն կհարմարավեն մեր աշխատավարձերի չափերին և կսկսեն աշխատել»: