lragir.am – Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում սիրիահայ բժիշկ Պետրոս Բոյաջյանը, ով աշխատում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, խոսք խնդրեց և քննադատեց սիրիահայերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: Սիրիահայ բժիշկը նշեց, որ Հայաստանում սիրիահայերը մատնված են բախտի քմահաճույքին, չունեն բնակարան, աշխատանք, գործարարները դժգոհում են գործարար մրջավայրից, իսկ պետությունը պատշաճ կերպով չի լուծում խնդիրները:

Սիրիահայի բողոքը վրդովեցրեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին, ով կոպտորեն ընդհատեց Պետրոս Բոյաջյանին. «Ցավում եմ, որ առաջին անգամ եք մասնակցում մեր նիստերին և ասում եք բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: Ձեր խոսքից այնպիսի տպավորություն է, որ կարծես 2012 թվականի հունիսի 1-ն է, ոչ 2013 թվականի ապրիլի 26-ն է: Միայն 4 սիրիահայի սրտի անվճար վիրահատություն ենք արել, ամեն վիրահատությունը 2 մլն դրամ: Բա դա փող չի՞»:

Հրանուշ Հակոբյանը ընդգծեց, որ միայն էկոնոմիկայի նախարարությունը 400 հազար դոլար է տվել, որ սիրահայերը բիզնես սկսեն: «Սա գործ չի՞: Դուք՝ որպես բժիշկ աշխատո՞ւմ եք Երևանի պետական բժշկական համալսարանում, ձեր կինը չի՞ աշխատում, ձեր տղան չի՞ աշխատում»:
Ի պատասխան՝ Պետրոս Բոյաջյանն ասաց, որ իր շնորհքի շնորհիվ է կարողացել աշխատանքի տեղավորվել:

«Բա բոլորն իրենց շնորհքով պիտի աշխատեն, անշնորհքներին ի՞նչ անենք, շնորհքովներին ենք տեղ տալիս»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ պետբյուջեն մեծ վնասներ կրեց՝ սիրիահայերին մատուցելով մի շարք անվճար ծառայություններ:

«Սառնարան, լվացքի մեքնա, ադիալներ, շորեր, ինչ հնարավոր է տվել են մեր պետական մարմինները սիրիահայերին: Այս բոլորի գլխին կանգնած է հանրապետության նախագահը: Ձեզ խորհուրդ կտամ ավելի տեղեկացված լինել, մոտիկից աշխատել պետական կառույցների հետ: Դուք չեք կարող ասել մի օրինակ, որ սիրիահայը մտել է այս նախարարություն, և այս նախարարությունում նրան կոպտել են, վիրավորել են»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Բանավեճ սկսվեց դահլիճում գտնվող սիրիահայերի միջև, մի մասը պաշտպանում էր Հայաստանի կառավարությանը, մյուս մասը՝ քննադատում: Սիրիահայերից մեկն ասաց, որ պետք չէ նշել անձնագրերի խնդրի լուծումը, քանի որ Հայաստանի կառավարությունն է մեղավոր, որ սիրիահայը մինչ այս անձնագրերի խնդիր է ունեցել Հայաստանում: