ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան Հայաստանի հետ կապող նոր չվերթ է բացվել, որը կիրականացվի Դամասկոս-Ղամիշլի-Երևան երթուղով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Առաջին չվերթը նախատեսվում է ապրիլի 16-ին, ուղևորների թիվը դեռ հստակ չէ, տոմսերի մեծ մասը, սակայն, ամրագրված է»,-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ դեռևս հստակ չէ նաև Դամասկոս-Ղամիշլի-Երևան ավիատոմսերի գինը: Դատելով ամրագրված տոմսերից` մեծ է Սիրիայից եկողների և շատ ավելի փոքր` գնացողների թիվը:

Հալեպ-Երևան չվերթները դեռևս 2012թ. հուլիսին արժեին 118 600 դրամ` մեկ ուղղությունը, եւ 210 300 դրամ` երկու ուղղությամբ: Իսկ այս տարի մինչ չվերթների փակումը դեպի Սիրիա տոմսերն արժեցել են շուրջ 165 հազար` միայն մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը` շուրջ 248 հազար դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ էր հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին: Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չունի