Panorama.am – ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբյանը բարձր է գնահատել Ավստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդյունավետ ջանքերը, Հայրենիքի հետ կապը պահելու և ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու փորձն ու ցանկությունը:

Ներկայացնելով գերատեսչության աշխատանքները` Հ. Հակոբյանն առանձնացրլ է Հայաստան եկած սիրիահայ մեր հայրենակիցների հետ տարվող գործընթացը: Նշվել է, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Առկա են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրավել նաև Սփյուռքի մեր համայնքներին: Եթե ամեն մի համայնք իր վրա վերցնի 3-4 սիրիահայի օժանդակելու հարցը, ապա «Նոր Հալեպ» անունով սիրիահայերի համար թաղամաս կառուցելու ծրագիրն արագ իրականություն կդառնա»,- հավաստիացրել է Հ. Հակոբյանը` կոչ անելով սկսել համայնքում սիրիահայերի օգնության շարժում:

Շնորհակալություն հայտնելով նախարարությանը Հայրենիքի հետ կապ հաստատելու նման հնարավորության համար` Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանը և բոլոր ներկաները նախ շնորհավորեցլ են Հ. Հակոբյանին` ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով անսպառ ուժ ու եռանդ սկսած համատեղ ծրագրերը իրագործելու համար: Ապա Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի տնօրեն Նշան Պասմաճյանը գոհունակությամբ խոսել է նախարարության պատվերով և նախաձեռնությամբ ստեղծված արևմտահայերենի դասագրքերի մասին:

ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը ցանկություն է հայտնել Հայաստանի որևէ դպրոցի հետ քույրացման գործընթաց սկսելու, իսկ Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը խոսել է հայերեն դասական ուղղագրությամբ դասագրքերի անհրաժեշտության մասին:

Նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձենությամբ Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի և Երևանի թիվ 136 դպրոցի քույրացման արդյունավետ փորձը արդեն կա, Հ. Հակոբյանը հավաստիացրել է, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կգտնեն:
ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մեկօրյա վարժարանից ուսուցչուհի Սիլվա Աղաբեկյանը կարևորել է Հայրենիքի, հայ մշակույթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտությունը:

Մեկօրյա վարժարանի հայերենի ուսուցչուհի Սաթիկ Գևորգյանը փորձի փոխանակման կարգով խոսել է հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարության մասին: Կարևոր է ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը:

ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրել է, որ համայնք կուղարկվեն հայ գործիչների և հայկական մշակույթի մասին պատմող խտասալիկներ և «Խոսող Այբբենարան»: «Մենք կարևորում ենք ՀԲԸՄ-ի կողմից ստեղծված Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերեն», – նշել է Հ. Հակոբյանը` հավելելով. «Իհարկե շատ կարևոր են նաև ուսուցիչների վերապատրաստումները, որ մենք իրականացնում ենք ինչպես «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում Հայրենիքում, այնպես էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղված մասնագետների օգնությամբ»:

Տեսակոնֆերանսի մասնակիցները հավանության են արժանացրել ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի առաջարկությունը` ստեղծել «Հայկական դպրոց» անվամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կգտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների և գրադարանների հղումները և դրանց մասին ամփոփ տեղեկատվություն:

Հեռավար հանդիպման ավարտին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու բանաձևը: