emedia.am – Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքն այն բնակավայրերից է, որտեղ սիրիահայ ընտանիքներ սկսել են հաստավել մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելը: Ներկա դրությամբ շրջանում հաստատված 29 ընտանիքներից 17-ը բնակվում են Կովսականում:
Արոյան բժիշկ ամուսիներին հանդիպեցի Կովսականի հիվանդանոցում: Հիվանդանոցի նոր շենքի շինարարական աշխատանքների պատճառով հիվանդանոցի անձնակազմը տեղավորվել էր կողքի փոքրիկ շինությունում: Նեղվածքի պատճառով բժիշկներն անհրաժաշտության դեպքում հիվանդներին նաև իրենց սենյակում են տեղավորում: Բժիշկ Մուշեղ Արոյանը հումորով է վերաբերվում ժամանակավոր նեղված պայմաններին՝ մեկ ազգ, մեկ հիվանդներ, մեկ բժիշկներ ու մեկ սենյակ: Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելը բժիշկ Մուշեղ Արոյանն իր համար արդեն որոշել էր, որ ժամանակն է հեռանալ Ղամիշլիից և վերջապես հաստատվել Հայաստանում: Նա բժշկական կրթությունը ստացել է Երևանում, որտեղ և ծանոթացել է ապագ կնոջ հետ: «Վաղուց էի մտադրվել գալ: Ուշանալուս միակ պատճառը երեխաներն էի: Մտածում էի, որ Հայաստանում չեմ կարողանալու այնքան վաստակեմ, որ հոգամ երեխաների ուսման վարձն ու մնացած ծախսերը»,-eMedia.am-ի հետ զրույցում ասաց Մ.Արոյանը՝ հավելելով, որ հետ գանալու մասին անգամ չի էլ մտածում: Վեց ամիս առաջ Արոյանները տեղափոխվեցին Հայաստան, այնտեղից էլ՝ Կովսական: Այստեղ նրանց հատկացրին բնակարան և շինանյութեր ներքին հարդարման աշխատանքերին համար:
Առաջին իսկ օրվանից բժիշկ ամուսիներին աշխատանքի տեղավորեցին տեղի հիվանդանոցում: Որպես հրավիրված մասնագետներ, նրանք բացի հիմնական աշխատավարձից, նաև աշխատավարձի 80 տոկոսի չափ հավելավճար են ստանում: «Կնոջս հետ միասին բավականին վաստակում ենք, չեմ դժգոհում, բայց միևնույնն է, մի քիչ դժվար է այդ գումարով Երևանում երկու ուսանող պահել, այն էլ բժշկական համալսարանում: Բախտներս բերեց, այս տարի երեխաներից մեկի վճարի 20 տոկոսը ԼՂՀ կառավարությունը փոխհատուցեց»,-ասում է Մ.Արոյանը: Էնդոկրինոլոգ Մ.Արոյանը Ղամիշլիում սեփական կլինիկա ուներ, բայց պատերազմի պատճառով չկարողացավ ոչ տունը վաճառել, ոչ էլ կլինիկան: Իրենց հետ կարողացան բերել միայն բանկում պահված որոշակի գումարը: Բժիշկը տեսնելով Կովսականի հիվանդանոցի նյութական բազայի խղճուկ վիճակը՝ որոշել էր Սիրիայում կրքերը հանդարտվելուն պես գնալ, իր ունեցվածքից մի բան վաճառել ու ուլտրաձայնային հետազոտության սարք բերել: Հիմա նա արդեն հույս չունի, որ մոտ ժամանակներս դա իրեն կհաջողվի, քանի որ իրավիճակը Սիրիայում գնալով ավելի է սրվում:
Բժշկի խոսքով՝ Կովսականում հաստատված սիրիահայերի համար ամենամեծ խնդիրն աշխատանքն է: Ճիշտ է, նրանց մի մասը հող է մշակել, բայց Մ.Արոյանը տարակուսում է, թե մինչև բերքը ստանալը ինչով պետք է ապրեն ու սնվեն այդ մարդիկ: Կովսականում հաստատվելուց հետո Արոյաններին, ինչպես և մնացած սիրիահայերին, հաճախ են այցելում լրագրողներ տարբեր երկրներից: Վերջերս բժիշկներին այցելել էր ֆրանսահայ մի լրագրող: Բժիկը պատմում է, որ վերջինս երկար նայում էր իրեն՝ մտքում փորձելով հասկանալ Ղամիշլիի բարեկեցիկ կյանքը Կովսականի հետ փոխելու բժշկի որոշման պատճառները: «Ի պատասխան նրա՝ այդպես էլ չհնչեցրած հարցին ասացի՝ այո, խենթ եմ: Ուղղակի, ինձ համար շատ ավելի կարևոր է, պատուհանից դուրս նայել և տեսնել մեր բակի կարալյոկի ծառը, քան Ղամիշլիի մեկ այլ տեսարան»,- ժպտալով ասաց Մ.Արոյանը:
Էլի սիրահայ ընտանիքների ենք սպասում, չնայած այնքան էլ պատրաստ չենք նոր վերաբնակիչներ ընդունելուն
Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն eMedia.am-ին տեղեկացրեց, որ Կովսականում ներկա դրությամբ հաստաված 17 սիրիահայ ընտանիքներից՝ 4-ը եկել են 2010թ., իսկ մնացած 13-ը՝ 2012թ.: 2010թ. եկած սիրիահայերին ԼՂՀ կառավարությունը շինանյութ է տրամադրել՝ իրենց առանձնատները կարգի բերելու համար: Մնացած ընտանիքների մի մասը ժամանակավոր բնակվում է Թուֆենկյան հիմնադրամի կողմից վերանորոգված բազմաբնակարան շենքում, մինչև կավարտվեն մեկ այլ՝ 12 բնակարանանոց շենքի շինարարական աշխատանքները: «Ներկա դրությամբ միայն 6 սիրիահայ ընտանիք ունի մշտական բնակարան»,-ասաց Ռ.Մարգարյանը:
Կովսականում սպասում են էլի սիրահայ ընտանիքների, չնայած, պարոն Մարգարյանի խոսքով, այնքան էլ պատրաստ չեն նոր վերաբնակիչներ ընդունելուն: Կովսականում, ինչպես և Բերձորում, հիմնական խնդիրը բնակարանների հարցն է: Ամեն ինչ կառուցվում է զրոյից, ինչը ոչ միայն բավականին մեծ գումարների հետ է կապված, այլև ժամանակի:
«Մեր հայերենը» շատ է տարբերվում «ձեր հայերենից»…
Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի 95 աշակերտներից 14-ը սիրահայ երեխաներ են: Դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանն ասում է, որ երեխաների մեծ մասը բավականին լավ է տիրապետում հայերենին: «Կան երեխաներ, ովքեր դեռ նոր պետք է սկսեն տառերը սովորել և բացարձակապես հայերեն խոսել չգիտեն: Իսկ բարձր դասարանցիները հիմնականում դժվարանում են ռուսաց լեզվում և ստիպված են ռուսերեն տառերը նոր-նոր սովորել: Լավ այն է, որ ի տարբերություն փոքրերի, մեծերը մի դասին հասցնում են մի քանի տառ միանգամից սովորել»,-ասում է տնօրենը: Այդ խնդիրները գնալով կարգավորվում են, ինչին մեծապես նպաստում է դասարանում քիչ աշակերտների քանակը: Ուսուցիչը հասցնում է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայ աշակերտներին՝ միաժամանակ հետ չմնալով ուսումնական պլանից: Այն հարցին, թե արդյոք սիրիահայ երեխաները նույն ծրագրով են ավարտական քննություններ հանձնելու, Ս.Քարամյանը դժվարացավ վերջնական պատասխան տալ: Ըստ նրա՝ ինչ վերբերում է օտար լեզուներին և մնացած առարկաններին, ապա աշակերտը հնարավորություն ունի ընտրելու, իսկ հայոց լեզվի քննության համար, հավանաբար, ինչ-որ որշում կլինի, որպեսզի սիրիահայ երեխաները կարողանան առանց դժվարություններ հանձնել այն:
«Չնայած չեմ կարծում, որ խնդիրներ են առաջանալու, քանի որ ընթացիկ գրավոր աշխատանքներից երևում է, որ առաջընթաց կա»,-վստահեցնում է տնօրենը: Ղամիշլիից Խաթուն տանին, ում 4 թոռները Կովսականի դպրոցն են հաճախում, ասում է, որ իրենց հայերենը ու այստեղի հայերենը լրիվ տարբեր են:
«Այստեղ երեխաները շատ ավելի մեծ դժվարությամբ են սովորում: Հոն ավելի հեշտ էր երեխաների համար»,-ժպտալով ասում է Խաթուն տատին: Խաթուն տատին ծունկը վիրահատելուց հետո շատ քիչ է տեղաշարժվում: Ամբողջ օրը կամ Աստվածաշունչ է կարդում, կամ էլ հեռուստացույց դիտում, այն էլ բացառությամբ հայկական ալիքներ: Նա այնքան էլ լավ չի տիրապետում արաբերենին: 7 հոգուց բաղկացած Խաթուն տատիի ընտանիքում ներկա դրությամբ միայն որդին՝ Վիգենն է աշխատում: Նա, ինչպես և մնացած սիրիահայերը, ցորեն է ցանել և պատրաստվում է ջերմոց դնել: «Սիրիայում մեր ընտանիքը հարյուրավոր հեկտարներով ցորեն ու բամբակ էր ցանում, որից ստացված երկամուտը մեզ լիովին բավարարում էր: Կանայք այնտեղ ընդհանրապես չեն աշխատում, բավական էր, որ տան տղամարդն աշխատեր: Իսկ այստեղ, ոնց տեսնում եմ, պետք է բոլորն աշխատեն, որ մի բան ստացվի»,- տարակուսում է նա:
Գործ ունենաս՝ առողջ ես, իսկ եթե ոչ՝ արդեն հիվանդ ես...
Հալեպից ոսկերիչ Հարություն Իսկանդարյանը մենակ է Արցախ եկել, քանի որ իր գալուց մեկ շաբաթ հետո օդանավակայանը փակվեց, և ծնողներն ու եղբայրներն ընտանիքներով մնացին Սիրիայում: Հարությունը Սիրիայում վերջին տարիներին ոսկերչությունը թողել և ինտերնետ կաֆե ու փոքրիկ բիլիարդանոց էր աշխատեցնում: Նրա խոսքով մինչև պատերազմը գործերն բավականին հաջող էին: «Էն գլխից զգում էի, որ սրա վերջը լավ չի լինելու: Անցած տարի հուլիսին եկա Հայաստան, որ տուն գտնեմ, հետո էլ ընտանիքս տեղափոխեմ: Այնպես ստացվեց, որ օդային ճանապարհները փակեցին ու մերոնք մնացին Հալեպում։ Ավտոյով էլ չեն կարող գալ, քանի որ երեխաների հետ անհնար է հիսուն ժամ ճանապարհ գալ»,– բացատրում է նա։ 4 ամիս Հարությունը մնաց Երևանում և նույնիսկ ինչ-որ գործ էր գտել, բայց հետո թողեց ու ընկերոջ խորհրդով եկավ Արցախ: Ասում է՝ Երևան գործ կա, ուղղակի աշխատավարձը շատ ցածր է:
«120 հազար դրամով տան վարձ վճարես, թե՞ կոմունալ ծախսերը հոգաս»,-ուսերը թոթվելով՝ տարակուսում է Հարությունը: Այսօր Հարությունը ապրում է սիրահայ ընկերոջ՝ Հրաչի տանը: Մեկ այլ ծանոթ խորհուրդ տվեց հողագործությամբ զբաղվել: Նա պատմում է, որ երբ եկավ արդեն ուշ էր և ստիպված արդեն մշակված 15 հա հող վարձակալեց ու ցորեն ցանեց փորձի համար:
«Կովսականը սիրեցի, միակ խնդիրը գործն է, միայն հողագործությամբ կլոր տարի չես ապրի: Մոտս եղած գումարի մեծ մասը ճանապարհներին եմ ծախսել, տան վարձ վճարել ու ուտելիք գնել: Փորձեցի փոքրիկ բիզնես դնել, ջերմոց սարքել ու բանջարեղեն աճեցնել: Այստեղի շուկայում բավականին թանկ են ոչ սեզոնային բանջարեղենները: Բայց դրա համար բավականին գումար է պետք: Սկզբում տեղի իշխանությունները չհամաձայնեցին օգնել, իսկ հիմա արդեն հող տվեցին, սպասում եմ, որ գոնե վարկի տեսքով գումար էլ տրամադրեն, որ սկսենք: Ջերմոցի գործը վատ չի, հարևաններս ևս ուզում են միանալ, որ միասին անենք: Արդյունքում համ մենք գործ կունենանք, համ էլ բնակչությունը շատ ավելի էժան բանջարեղեն կունենա»,-ասում է զրուցակիցս: Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ, հարևաններով միասին գումար ներդնել և ինքնուրույն սկսել ջերմոցի գործը, Հարությունն ասաց, որ սիրիահայերի մեծամասնությունը պատերազմի պատճառով չի կարողացել ունեծվածքից ոչ մի բան վաճառել: Ձեռքի տակ ունեցած գումարն էլ հիմնականում ծախսվում է տոմսերի, վարձու բնակարանների ու սննդի վրա: «Հալեպի իմ տունը արժե 100 հազար դոլլար, բայց այսօր այն 25 հազար դոլլարով էլ առնող չկա»,-վրդովվում է նա: Հարությունը խոստովանում է, որ չնայած դժվարություններին, Հալեպ հետ վերադառնալու մտադրություն չունի, քանի որ չի հավատում, որ Սիրիայում մոտակա 20 տարում իրավիճակը կշտկվի:
«Ընդհանրապես լավատես եմ, միայն թե պետք է գործ ունենալ այստեղ: Առաջ ասում էին ամենակարևորն առողջություն է, ոչ, հիմա գործն ավելի կարևոր է: Գործ ունենաս՝ առողջ ես, իսկ եթե ոչ՝ արդեն հիվանդ ես»,- վստահեցնում է Հարությունը:
08.04.2013