1in.am – Սիրայում շուրջ երկու տարի շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան:

Նրանցից շատերն արդեն իսկ հեռացել են Հայաստանից՝ ի դեպ, ոչ թե նորից հետ՝ Սիրիա, այլ բոլորովին ուրիշ երկրներ: Նրանք հաճախ էին դժգոհում հատկապես այն բանից, որ պետությունը չի հատկացնում իրենց անհրաժեշտ գումար կամ աշխատանք՝ օրվա ապրուստն ապահովելու համար:

Սիրիահայ Վարդան Թաթոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առ այսօր միակ օգնությունը, որ ստացել է, «Երևան Սիթի» խանութների ցանցից օգտվելու համար տրամադրված 80-100 հզ. դրամանոց կտրոններն են եղել: Իր հերթին հալեպահայ Սրբուհի Թովմասյանը նշեց, որ պետությունն իրեն օգնել է միայն անվճար վիրահատել աչքերը:

Նշենք, որ մոտ երեսուն սիրիահայ ընտանք էլ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջան՝ հիմնականում մշտական բնակության համար:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ղարաբաղ տեղափոխված սիրիահայերին շատ են օգնել մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև՝ ԼՂ կառավարությունը, Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն. «1 միլիոն դրամով օգնել է ԼՂ-ի սոցապ նախարարությունը, կա նաև «Ֆեյսբուքյան Ստեփանակերտի ընկերներ» կոչվող կազմակերպություն, որն օգնել է 160.000 դրամով. տրամադրել են աշխատանքային գործիքներ, իսկ Ամանորից առաջ էլ՝ նվերներ, մեծ աջակցություն է ցուցաբերել նաև «Օգնիր եղբորդ» բարեգործական նախաձեռնությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը արտաբյուջեից հատկացրել է 22 կոմպլեկտ սպասք, «Քաշաթաղ» բարեգործական կազմակերպությունը հատկացրել է 700.000 դրամ, սնունդ և հագուստ, «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպությունը հատկացրել է 22 կոմպլեկտ գույք, որոնցից ամեն մեկի մեջ մտնում է զգեստապահարան, սեղան, 6 աթոռ, 2 տեղանոց մեկ մահճակալ»:

Ռոբերտ Մաթևոսյանը հավելեց, որ 30 ընտանիքների մեջ են մտնում ինչպես անհատներ, այնպես էլ բազմազավակ՝ 7 երեխա ունեցող ընտանիքներ:

Այն հարցերին, թե հատկացվե՞լ են նրանց բնակարաններ, ապահովվա՞ծ են արդյոք հիմա աշխատանքով, Ռ. Մաթևոսյանը պատասխանեց. «Բնակարաններ կառուցվել են և տրամադրվել, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ապա մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, կան նաև արհեստավորներ, նրանց էլ համապատասխան աշխատանքի տեղավորել ենք և ունենք մեկ բժիշկների ընտանիք, ովքեր նույնպես աշխատանք ունեն»:

Ի դեպ, ԼՂ տեղափոխված մեր հայրենակցիների մի մասն արդեն ունի Ղարաբաղի քաղաքացիություն, մյուս մասն էլ մոտակա ժամանակահատվածում կստանա։ Երեխաները հաճախում են տեղի դպրոց և մանկապարտեզ:

Հավելենք, որ Հայաստանում բնակվող ևս երեք սիրիահայեր ուզում են տեղափոխվել Ղարաբաղ: Նշենք նաև, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Բերձորում 3 ընտանիքների ևս բնակարան կհատկացվի. դրանք վերանորոգված են, կահավորված և անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ սառնարան, հետուստացույց և կահույք»: