panorama.am – Հայաստանում սիրիահայերի վարորդական վկայականները կփոխանակվեն առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս մասին որոշում կընդունվի ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք, և վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Հիմնավորման համաձայն` Սիրայի Արաբական Հանրապետությունից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած ազգությամբ հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 66-րդ կետի համաձայն չեն փոխանակվում: Այս իրավիճակում խնդիրներ է առաջանում սիրիահայերի աշխատանքի տեղավորման հարցում:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի որպես բացառություն Սիրայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Սփյուռքի նախարարության և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից: