Վերջինիս տեղեկացմամբ՝ թեև այդ շրջանը հայաշատ չէ, սակայն հայեր բնակվում էին, ուստի զոհերից խուսափելու համար Հալեպում գործող շտապօգնության մարմինը նրանց տեղափոխեց համեմատաբար ավելի ապահով թաղամասեր: Ռայիսյանի վստահեցմամբ՝ այդ ընտանիքները շատ ապահով տեղավորվել են, և այս պահին անհանգստանալու պատճառ չկա, քանի որ հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ՝ ինչպես նախկինում:
«Սուրբ Զատկի նախօրյակին հայկական թաղամասերում ունեցանք մի քանի վիրավոր՝ ռումբերի պայթյունների պատճառով, բայց, բարեբախտաբար, լուրջ դեպքեր չէին: Այս պահին շատ բան չեմ կարող ասել: Դեպքերը կարող են միշտ անակնկալներ մատուցել, և չենք կարող ասել, թե ինչ կլինի: Պահից շատ բան է կախված»,- ցավով ասաց Ժիրայր Ռայիսյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է, ինչ Հալեպը հոսանքազրկված է: Ըստ նրա՝ այս պահին հայաշատ թաղամասերում բախումներ չկան, հայերը որևէ կողմի համար թիրախ չեն: Բայց նա չբացառեց, որ յուրաքանչյուր պահ հայաշատ թաղամասեր կներթափանցեն ուժերը, և մարտեր կծավալեն հենց այդ թաղամասերում:
Հիշեցնենք, որ այս օրերին Հալեպում շատ են նաև այլ հանցագործությունները, օրինակ՝ առևանգումները: Այդպիսով հանցագործները, զինյալները, օգտվելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, փորձում են այս հանցագործ ճանապարհով գումար աշխատել՝ առևանգվածներին ազատ արձակելու դիմաց նրանց հարազատներից պահանջելով գումար: Այսկերպ հայ համայնքի ներկայացուցիչները վատնում են իրենց վերջին խնայողությունները՝ վճարելով մեծ փրկագներ մարդկանց ազատ արձակելու դիմաց:
