ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Շեյխ Թահա թաղամասում բնակվող հայերից շատերը լքում են իրենց բնակավայրերը եւ հաստատվում ավելի ապահով տեղում բնակվող ազգականների մոտ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից: Թաղամասում հայերի տների կողոպտվելու մի քանի դեպքեր են արձանագրվել, հափշտակվել են տարբեր տեսակի իրեր:

Շեյխ Թահան բավական մոտ է այժմ բախումների շրջան համարվող Շեյխ Մակսուդ թաղամասին: Չնայած այն բանակի հսկողության տակ է գտնվում, եւ դիպուկահարներ չկան, սակայն բարձրադիր Շեյխ Մակսուդից պատահական փամփուշտներ են հասնում այնտեղ:

Ստացված տեղեկությունների համաձայն` արդեն մի քանի օր է, ինչ Հալեպի ազգային գերեզմանատանը թաղումներ տեղի չեն ունենում, քանի որ շրջանը երկու կողմերի բախումների շրջանում է հայտնվել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը: