ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի համալսարանի Ճարտագիտության ֆակուլտետի մոտ մարտի 28-ին ընկած ռումբի հետեւանքով տուժածների մեջ մինչեւ այժմ հայի անուն չի նշվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ ռումբն ընկել է ֆակուլտետի սրճարանի վրա: Էլմաջյանը նաեւ նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաքի վրա հաճախակի են ռումբեր ընկնում, սակայն ընդհանուր առմամբ քաղաքում իրավիճակը լարված չէ, իսկ ծայրամասերում մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ռումբի ընկնելու հետեւանքով տասը ուսանող զոհվել է, եւս 29-ը` վիրավորվել: Համալսարանի ռեկտոր Մուհամմադ Ամիր ալ Մարդինիի խոսքով նրանիցից երկուսը չափազանց ծանր վիճակում են: Բացի մարդկային վնասներից, շրջակա տարածքը եւս մեծ նյութական վնասներ է կրել:
Արաբական այլ աղբյուրներ տեղեկացնում են 15 զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ մեկ այլ ռումբ ընկել է Բեյրութ փողոցի վրա:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը: