Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայերի առեւանգման մի քանի դեպքեր են գրանցվել: Քաղաքի ծայրամասում գտնվող Շըայեֆ շրջանում, որը գործատեղիների շրջան է, մարտի 26-ին երկու հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Նա նշեց, որ առեւանգողները հայերին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում: Այժմ աշխատանքներ են տարվում նրանց ազատ արաձակելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր վիճակին, Ռեյիսյանը նշեց, որ արդեն վեցերորդ օրն է` քաղաքում գրեթե էլեկտրականություն չկա, նաեւ ջրի խնդիր է առաջացել:

Հայկական թաղամասերում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել, սակայն բնակիչների մոտ նույն անապահով, անորոշ վիճակը շարունակվում է: «Այդուհանդերձ մարդիկ շարունակում են ապրել ստեղծված դժվարին պայմաններում` ակնկալելով դրական փոփոխությունների»,- նշեց Ռեյիսյանը:

Անդրադառնալով ավելի վաղ առեւանգված հայերին, մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ նրանց վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը: