eMedia.am –

Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրից հեռացած մի շարք սիրիահայեր Արցախում հաստատվել են հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի վերաբնակեցվող շրջաններում ու Ստեփանակերտում: Սիրիահայ վերաբնակիչներին ԼՂՀ կառավարությունը տրամադրել է մշտական և ժամանակավոր կացարան, սննդամթերք և մի մասին ապահովել աշխատանքով:

Սիրիահայերը՝ Քաշաթաղում

Սիրիայի Ղամիշլի քաղաքից Հակոբ Արթինն ազգությամբ հույն կնոջ Ղադա Ֆըրհաթի ու երկու զավակների հետ արդեն 7 ամիս է, ինչ ժամանակավոր ապրում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի հյուրատանը: Հակոբը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է և Արցախ տեղափոխվելուն պես աշխատանքի է անցել տեղի ավտոսերվիսներից մեկում:

Հակոբի կնոջը՝ Ղադաին, հանդիպեցինք հյուրատանը: Նա նոր էր վերջացրել տան գործերը և սպասում էր երեխաների դպրոցից վերադառնալուն: Հյուրատան ընդունարանում նստած տիկին Ղադան իր թույլ հայերենով պատմեց իրենց արցախյան կյանքի մասին: Պարզվեց, որ նա արդեն մի քանի ամիս է, ինչ նույն հյուրատանը պահակ է աշխատում: «Ես հայերեն շատ քիչ գիտեմ և ուրիշ գործ հիմա դժվար կարողանամ անել: Պահակությունը հարմար աշխատանք է, չնայած մեծ գումար չեն վճարում, բայց լավն այն է, որ կարողանում եմ համատեղել տան գործերի ու երեխաների խնամքի հետ»,-ասում է Ղադան՝ հավելելով, որ միակ խնդիրը լեզվի չիմացությունն է: Չնայած դժվարություներին, իրենց ներկա կյանքից նա դժգոհ չէ, երեխաները դպրոց են գնում, ամուսինը մշտական գործ ունի:Իսկ շուտով մշտական բնակարան կստանան, որտեղ կմնան, մինչև կավարտեն նույն շրջանի Իշխանաձոր համայնքում իրենց տան շինարարական աշխատանքները: Բանն այն է, որ Իշխանաձորի մեքենատրակտորային կայանում մեխանիկի կարիք է զգացվում:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը eMedia.am-ին տեղեկացրեց, որ մինչև Սիրիայում պատերազմ սկսվելը Քաշաթաղի շրջանում արդեն ապրում էին 7 սիրիահայերի ընտանիքներ: Ներկա դրությամբ շրջանում ապրում է 29 ընտանիք (105 շունչ), որոնք գաղթել են հիմնականում Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Ի տարբերություն Հակոբ Արթիի ընտանիքի՝ Շամիրան Վարդանյանն այնքան էլ գոհ չէ իրենց ներկա իրավիճակից: «Չենք ասում, որ վատ է, բայց մեզ համար շատ դժվար է, ամեն ինչ նոր է՝ մարդիկ, քաղաքը, միջավայրը, գումարած լեզվի խնդիրը»,-ասում է նա:

Տիկին Շամիրան 4 զավակների հետ 5 ամիս առաջ Ղամիշլիից տեղափոխվել է Հայաստան հետո Արցախ: «Երկու զավակներս մնացել են Երևանում և փորձում են քիչ թե շատ աշխատել: Ինձ հետ այստեղ եկած որդիս փորձում է հող մշակել, տեսնենք ինչ կստացվի: Իսկ փոքր աղջիկս, հեռակա սովորում է Արցախի պետական համալսարանում և զուգահեռ աշխատում տեղի վարչակազմում: Ո՞վ է ուզում հիմա տանը պարապ նստել, ես էլ մեծ սիրով կաշխատեմ, բայց գործ չկա: Սիրիայում երեխաներս մշտական գործ ունեին, խանութ ունեինք: Ամեն ինչ վաճառել և եկել ենք այստեղ»,-պատմում է Շ.Վարդանյանը և շտապում խոհանոց, շուտով աղջիկը պետք է ընդմիջման գա: Խոհանոցի կողմից կարելի էր արևելյան համեմունքների հոտ առնել: Տիկին Շամիրան խոհանոցում ճաշի վերջին բաղադրիչներն ավելացնելով՝ պատմեց, որ հիմնականում պատրաստում է արևելյան ճաշատեսակներ, իսկ հատուկ համեմունքներն իր հետ Սիրիայից է բերել: Մինչև 2013թ. հունվարի 1-ը ԼՂՀ կառավարությունը նաև ապահովում էր սիրիացի հայերի սնունդը: Այսօր արդեն իրենք պետք է ինքնուրույն հոգան իրենց ծախսերը, ինչը, տիկին Շամիրանի խոսքով, շատ դժվար է:

«Փող չկա, ունեցած գումարն միայն ծախսում ենք: Թե այսպես ինչքան կձգենք, չեմ կարող ասել»,-տարակուսում է նա: Տիկին Շամիրան չի բացառում Սիրիա հետ վերադառնալու տարբերակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս ընթացքում կհաջողվի իրենց հարմարվել նոր միջավայրում ու ոտքի կանգնել: Աշխատակազմի ղեկավար պրն. Դավթյանի հավաստմամբ՝ Բերձորում ապրող 7 ընտանիքների անդամներից համարյա բոլորն ապահովված են մշտական աշխատանքով տեղի շրջվարչակազմում, հյուրատանը, էլեկտրոցանցում և հիդրոկայանում: Կովսական քաղաքում և Իշխանաձոր համայնքում ապրող սիրիահայերը հիմնականում զբաղվում են հողագործությամբ և 50-200 հա գարու ու ցորենի ցանքս են կատարել արդեն:

«Հողագործությունը խրախուսվում է կառավարության կողմից: Երկարաժամկետ վարկեր են տրամադրվում, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք և այլ անհրաժեշտ պարագանների համար: Ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս նոր տեղափոխված սիրիահայերին հենց առաջին տարում կատարել մինչև 50 հա ցանքս, իսկ դա արդեն կյանքի ապահովման նորմալ պայմանների երաշխիք է»,-eMedia.am-ի հետ զրույցում նշեց Դ.Դավթյանը: Եթե Կովսականում և Իշխանաձորում ապրող սիրիացի հայերը կարողանում են հողագործությամբ իրենց նորմալ կենսապայմաններ ապահովել, ապա այլ է պատկերը Բերձորում:

21-ամյա Րաֆֆի Մելքոնյանը մոտ երեք ամիս առաջ մոր հետ Բերձոր է տեղափոխվել Սիրիայի Հասակե քաղաքից: «Դպրոցն ավարտելուց հետո քոլեջ ընդունվեցի: Սկսվեց պատերազմը և ինձ ուր որ է պիտի զորակոչեին և մենք էլ որոշեցինք տեղափոխվել: Սկզբից եկանք ես ու մայրս, իսկ հայրս ու եղբայրս չկարողացան գալ. ռազմական իրավիճակի պատճառով օդանավակայնը չէր գործում»,-ասում է երիտասարդը: Րաֆֆին այսօր էլ ուզում է համալսարան ընդունվել ու շարունակել կրթությունը, բայց ներկա դրությամբ, ինչպես ինքն է ասում, դա իր համար շքեղություն է:

Ճիշտ է, ուսման վարձ չի տալու (ուսման վարձը ԼՂՀ կառավարությունն է փոխհատուցում կամ տարբեր բարեգործական կազմակերպություններ), բայց մնալու ու սնվելու հարց էլ կա: «Բարձրագույն կրթություն դեռ չունեմ, հայերեն էլ լավ չգիտեմ, դրա համար այսօր ստիպված եմ հյուրատանը պահակ աշխատել, իսկ մայրս վարչակազմում՝ հավաքարար: Երկուսս միասին մոտ 200 ԱՄՆ դոլլար ենք վաստակում, որը հազիվ ուտելիքին է հերիքում: Հորս արդեն պատմել եմ այստեղի իրավիճակը: Նրանք չեն շտապում գալ, իսկ ես էլ դեռ սպասում եմ, միգուցե ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնեմ: Ընկերս Լիլբանան է կանչում, ասում է՝ հինգ անգամ ավելի լավ վարձատրվող աշխատանք կա: Եթե ի վերջո որոշեմ գնալ, մայրս էլ ինձ հետ կգա»,-ասում է երիտասարդը:

Բնակարանային հարցը…

Ներկա դրությամբ բոլոր 29 սիրիահայերի ընտանքիներն էլ ունեն բնակմակերես, որից սակայն միայն 12 ընտանիք է, որ ապահոված է մշտական բնակարաններով: Կովսական քաղաքում մեկ բնակելի շենք 8 ընտանիքների համար վերանորոգվել է Թուֆենկյան բարեգործական ընկերության աջակցությամբ: Բերձորում ապրող երեք ընտանիքի համար նախատեսված բնակելի շենքի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է այն ավարտին հասցնել ապրիլին: Այդ շենքի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է հայաստանյան «Պրոտոն» ընկերությունը և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի ծրագրերին աջակցում է ԼՂՀ կառավարությունը, բարեգործական կազամակերպությունները, ԼՂՀ կուսակցությունները, մասնավորապես «Ազատ Հայրենիք», ՀՅԴ-ն և ռուսաստանաբնակ անհատ բարերարներ: Ներկա դրությամբ 12 բնակարանոց շենք է կառուցվում նաև Կովսականում, որտեղ և կենտրոնացված է սիրիացի հայերի մեծամասնությունը: Վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել 5-6 ամսից: Իշխանաձոր համայնքում ապրող 10 ընտանիքներ ևս 6-7 ամսից մշտական բնակարան կստանան: Բացի բազմաբնակարան շենքերից Իշխանաձորում պլանավորվում է 50 առանձնատուն կառուցել, քանի որ սիրիացի հայերի մի մասը ուզում է այգի մշակել: Ելնելով դրանից՝ կառավարությունն առանձնատան հետ տրամադրելու է 5 հազար մետր տնամերձ այգի՝ նռան, խնձորի, արմավենու և այլ ծառերով: Առաջիկա ծրագրերում է նաև Բերձորում 10 բնակարանանոց շենքի վերակառուցումը: Ներկա դրությամբ կատարվում են նախագծային, նախահաշվային աշխատանքներ, իսկ շինարարությունը հավանաբար կսկսեն ամռանը: «Բնակարան ստացած ընտանիքներին կահույք է հատկացրել բարերարների կողմից: Կահույքով կապահովեն բնակարան ստացած բոլոր ընտանիքները»,-վստահեցրեց Դ.Դավթյանը: Պրն Դավթյանը հույս հայտնեց, որ եթե այս տարի արդեն սկսեն կառուցել վերոնշյալ 50 առանձնատները, ապա գալիք տարի կարող են ընդունել ևս 50 ընտանիք Իշխանաձորում և 10-ը՝ Կովսականում: Ցանկացողներ, ըստ զրուցակցիս, շատ կան, մանավանդ սիրիացի հայեր, ովքեր այսօր Երևանում ոչ տուն ունեն դեռ, ոչ էլ աշխատանք: Կառավարության տրամադրած բնակարանը կամ տունը դառնում է վերաբնակչի սեփականությունը,միայն նույն տանը 10 տարի ապրելուց հետո:

Կրկնակի արտոնություններ…

Բայցի վերը նշված օգնությանը, սիրիահայերն օգտվում են նաև վերաբնակիչների համար նախատեսված բոլոր արտոնություններից.այսինքն՝ յուրաքանչյուր շնչի համար 60 կիլովատ անվճար էլեկտրաէներգիա, 20 հազար դրամ միանվագ գումար ընտանիքի գլխավորին, իսկ մնացած անդամներին՝ 5 հազարական դրամ, տարեկան 0.5 տոկոսով երկարաժամկետ ( մինչև 10 տարով) սերմացուի և անասնավարկի գումար մինչև 250 հազար դրամ (գումարի չափը կախված է ընտանիքի անդամների քանակից), մեկ ամսվա համար սննդամթերք և այլն: Բացի այդ, ամիսը մի քանի անգամ սննդամթերք է հատկացվում ԼՂՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից: «Այսօր էլ շարունակում ենք հայաստանյան «Շանթ» հեռուստաալիքով հայտարարություններ տալ և մասնագետներ հրավիրել շրջան: Այսօր Քաշաթաղը հանրապետության միակ շրջանն է, որի բնակչությունը վերջին երկու տարում 7 500-ից հասել է 10 հազարի»,- անթաքույց հպարտությամբ ասում է Դ.Դավթյանը: Աշխատակազմի ղեկավարի խոսքով, վերաբնակեցման թիվ մեկ խնդրիը շրջանում մնում է բնակարանաշինությունը:

Անձնագրի ու գրանցմանհարցը…

Դավիթ Դավթյանի խոսքով՝ սիրիացի հայերը հենց մտնում են Հայաստան, նրանց տրվում է ՀՀ կացության անձնագիր, որտեղ սակայն բնակության հասցե չի նշվում: Մի մասն էլ սկզբի համար ԼՂՀ կարմիր անձնագիր է վերցնում( դա ևս երկքաղաքացիության ձև է), որը սակայն գործում է միայն ԼՂՀ տարածքում: «Կովսականում ապրող 10 ընտանիքներ արդեն ԼՂՀ քաղաքացիներ են օրինական գրացումով: Մնացածները ևս կստանան օրինական գրանցում իրենց հատկացված բնակարանում հաստատվելուց հետո»,-վստահեցնում է պրն Դավթյանը: Նա միաժամանակ խոստովանում է, որ փաստաթղթային հարցերը միշտ չէ, որ հեշտությամբ են լուծվում: Եղել են դեպքեր, երբ իրենց ուժերից վեր է եղել լուծել առաջացած խնդիրը և ստիպված են եղել դիմել ԼՂՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարության օգնությանը: ©eMedia.am http://www.emedia.am/hy/syria-kashatagh