ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Վահան Չաղլասյանը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ-ատամնատեխնիկ է, կնոջ հետ միասին որոշել է Երևանում ստամատոլոգիական լաբորատորիա բացել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահանը, նման գործունեությամբ զբաղվել է նաև Հալեպում նախքան պատերազմական իրավիճակը: «Հալեպում ունեինք ստոմատոլոգիական լաբորատորիա, որտեղ աշխատում էինք ես ու կինս, սակայն վերջին դեպքերի պատճառով թողեցինք մեր գործն ու տունը, եկանք Հայաստան: Արդեն մեկ տարի է, ինչ կնոջս հետ տեղափոխվել ենք Երևան և այժմ զբաղված ենք սեփական բիզնեսը հիմնելով»,- ասաց Վահանը:

Շուտով կգործի նրանց լաբորատորիան, ինչի բացման գործում մեծ ջանք ու եռանդ են ներդրել: «Սկզբում շատ դժվար էր, չէինք հարմարվում, քանի որ չունեինք ոչ տուն, ոչ աշխատանք: Երբ որոշում կայացրինք հիմնել մեր սեփական բիզնեսը, ամեն ինչ կարծես փոխվեց: Սկսեցինք մտածել դրա շուրջ, և լաբորատորիան շուտով ամբողջությամբ պատրաստ կլինի»,- ասաց սիրիահայ հայրենադարձը:

Նա տեղեկացրեց նաև, որ Սիրիայում հայերը մեծ համբավ են վայելում, բոլորը սիրում էին հայերին, վստահում էին: Դա էր պատճառը, որ նոր միջավայրը մի փոքր ճնշում էր նրանց: Կինը` Սերինեն մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն սկզբնական շրջանում լաբորատորիայում կաշխատի միայն ամուսինը, ում հետագայում կմիանա նաև ինքը:

Վահանն ու կինը մինչև ամուսնանալը եկել են Հայաստան կրթություն ստանալու նպատակով: Սերինեն, ով պարսկահայ է, Հայաստան է եկել 2000թ-ին, իսկ Վահանը Հալեպից Երևան է տեղափոխվել 2004թ-ին: Այնուհետև ծանոթացել են, ամուսնացել, փորձել են այստեղ իրենց բիզնեսը հիմնել, սակայն չի ստացվել, և 2010թ-ին գնացել են Հալեպ` Վահանի ծնողների մոտ: Սերինեի համար նոր միջավայրում ապրելը դժվար չի եղել, քանի որ, նրա խոսքով, Սիրիան Իրանից առանձնապես չէր տարբերվում: «Երկուսն էլ արաբական երկրներ են, ինձ համար հարմարվելու խնդիր չկար, բայց միևնույն է, ես շատ էի ուզում Երևան գալ, սակայն Վահանն այն ժամանակ ոչ մի կերպ չէր համաձայնում: Նույնիսկ նրա ծնողներին էլ էի արդեն համոզել, բայց իրեն ոչ մի կերպ չէի կարողանում համոզել: Նա մտափոխվեց միայն վերջին դեպքերից հետո և երբ հայտնեց իր որոշման մասին, անչափ ուրախացա»,- պատմում է Սերինեն:

Հայաստան գալուց հետո ամուսնական զույգի սպասելիքներն արդարացան: «Հիմա ավելի սրտաբաց են դիմավորում, ընդառաջում են, ոգևորում: Աստիճանաբար հեշտանում է մեր կյանքը Երևանում: Շուտով էլ ավելի հեշտ կլինի, քանի որ մեզ կմիանան նաև Վահանի քույրն ու ծնողները»,- ասաց Սերինեն:

Վահանն ու Սերինեն Երևան տեղափոխվելուց առաջ ունեցել են նաև ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն, սակայն նրանք ընտրել են Երևանը: «Կնոջս ծնողները ապրում են ԱՄՆ-ում, կարող էինք այնտեղ տեղափոխվել, սակայն ես չցանկացա: Ինձ թվում է, թե երբեք չեմ կարող ապրել Ամերիկայում: Հատկապես այս վերջին դեպքերից հետո մտածում եմ, որ հայը պետք է ապրի Հայաստանում: Որոշել ենք, որ երբեք չենք տեղափոխվի Հայաստանից»,-ասաց Վահանը` հավելելով, որ չնայած դեռ չունեն երեխաներ, սակայն ուզում են, որ իրենց ապագա բալիկներն ապրեն հայկական միջավայրում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի վերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունները: Հայաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Նրանցից բժշկական կրթություն ունեցող 22 մասնագետ արդեն աշխատում են տարբեր կլինիկաներում: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր այլ ծրագրերով: