ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի ամենաարդիական խնդիրները մնում են աշխատանքի տեղավորվելն ու բնակարան ձեռք բերելը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` վստահեցնելով, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Սիրիահայերի ինտեգրման հետ կապված մի շարք ծրագրեր են իրականացվում: «Մեր հայրենակիցների ինտեգրման առաջին քայլերն արված են. 400 սիրիահայ աշակերտներ սովորում են Երեւանի դպրոցներում, 300 ուսանողներ` տեղի բուհերում, պարբերաբար կազմակերպվում են արեւելահայերենի` շփման եւ ռուսերենի ուսուցման դասընթացներ, իրավախորհրդատվություն` պետական-քաղաքական ոլորտների վերաբերյալ: Մենք իրոք փորձում ենք մեր հայրենակիցների ինտեգրումն արագացնել»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց` չկա սիրահայ, ով դրսում է մնացել: «Աշտարակի, Էջմիածնի եւ Մասիսի քաղաքապետարանների հետ արդեն պայմանավորվածություն ունենք: Նրանք պատրաստ են հող հատկացնել` սիրիահայերի համար տարբեր քաղաքներում փոքրիկ թաղամասեր ստեղծելու համար»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Սիրիահայ Ազատ Կարպոյանը, ով արդեն ինն ամիս Հայաստանում է, սկզբում լեզվի, շփվելու հետ կապված դժվարություններ ուներ, սակայն ամիսների ընթացքում այդ խնդիրը հաղթահարել է: «Այստեղ մեր խնդիրները հիմնականում աշխատանքի հետ են կապված: Ես երկաթագործ եմ, արդեն մի քանի ամիս է աշխատում եմ Հայաստանում: Մեր հայրենակիցները մեզ համար ամեն ինչ անում են, հացը նույնիսկ կիսում են մեզ հետ: Մենք շատ ուրախ ենք, որ նման ընդունելության արժանացանք: Եթե Հայաստանը ընդունեց ինձ, կմնամ այստեղ»,-ասաց նա:

Արտեմիս Էփեջյանը Հայաստանի քաղաքացիություն 20 օր առաջ է ստացել: Նա ընտանիքի հետ պատրաստվում է հաստատվել եւ իր անտիկ իրերի վերականգնման գործը շարունակել հայրենիքում: «Հայաստանում սիրիահայերի ամենամեծ խնդիրը օրենքներից անտեղյակությունն է: Միանգամից կարող են ասել, որ քեզ 200 հազար դրամ տուգանել են, բայց ինչու, դու էլ չգիտես: Մեզ պետք է առաջին հերթին ծանոթացնել այստեղի օրենքներին: Եթե օրենքը չգիտես, քեզ կարող են միլիարդներով էլ տուգանել: Քո միջավայրից դուրս ապրելու համար օրենքը լավագույն ինքնապաշտպանական զենքն է»,-ասաց նա:

ՀՀ սփյուռքի նախարարության սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սիրիահայերն աստիճանաբար ընդգրկվում են հայաստանյան հասարակության մեջ: Արդեն Հայաստանում գտնվող շուրջ 6500 սիրիահայերից մոտ 3000-ը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Սփյուռքի նախարարություն աշխատանքի համար դիմած 700 սիրիահայերից էլ 550-ի աշխատանքային խնդիրներն արդեն կարգավորվել են: «Սիրիահայերի մոտ այս ամիսների ընթացքում հոգեբանական փոփոխություն է նկատվում: Եթե առաջ նրանք չէին համաձայնում աշխատել 300 դոլար աշխատավարձի դիմաց, ապա հիմա արդեն համաձայնում են, քանի որ նրանցից շատերը նյութական միջոցների սպառման եզրին են»,-ասաց Զաքարյանը: Խոսելով սիրիահայերի հետ տարվող առաջիկա ծրագրերից, աշխատանքային խմբի ղեկավարը նշեց, որ գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ է տրամադրվել, որը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: «Առաջիկայում մեկնարկելու է նաեւ սննդի տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերրին ամեն ամիս սնունդ կտրամադրվի»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը:

Սիրիայում ավելի քան 23 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջեւ պատերազմական իրավիճակ են ստեղծել եւ երկրից դուրս գալու պատճառ են հանդիսացել բազմաթիվ սիրիահայերի համար: ՄԱԿ-ի տվյալներով` բախումներն ավելի քան 70 հազար մարդու կյանք են խլել: Զոհվել են նաեւ չորս տասնյակից ավելի սիրիահայեր: