«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» — Հայաստանում հաստատված սիրիահայերին պետությունը կօգնի` գործարարությամբ զբաղվելու հարցում: 40 սիրիահայ այսօր ստացել է հավաստագիր, քանի որ երկու ամիս մասնակցել է “Փոքր ու միջին ձեռնարկատաիրության ազգային կենտրոնի” դասընթացներին: Այստեղ նրանք սովորել են հայաստանյան օրենքները, հարկային դաշտի առանձնահատկությունները, ինչն էլ շատերին զարմացրել է իր դժվարություններով:
Արտեմիս Լեփեջյանը դեպի Սիրիա ճանապարհը էլ չի բռնի: Հայրենիքում կսկսեն իրենց գործը` հնաոճ իրեր կնորոգեն ու կվաճառեն: Հալեպում մի քանի տասնյակ սերունդ կրթած հոգեբանը 2 ամիս ինքն է դասընթացների գնացել, որպեսզի յուրացնի հայաստանյան բիզնես աշխարհի օրեքներն ու հարկային դաշտի առանձնահատկությունները: Սովորել է ու զարմացել. ամեն ինչ շատ տարբեր է:
“Եթե ես խանութ ունեմ. երկու-երեք ամիսը մեկ թուղթը կբերեն, կվճարես եռամսյակը մեկ 100 դոլարի չափով։ Իսկ հիմա այստեղ, եթե այսքան շրջանառություն ունես՝ այսքան դրամ է, եթե մինչեւ 3 մլն` այսքան դրամ: Այնտեղ եթե նոր գործ ես սկսում, 5 տարի ազատվում ես բոլոր տեսակի հարկերից”,- ասում է Լեփեջյանը:
“Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կետրոնի” աջակցությամբ սիրիահայերը, ովքեր ցանկացել են տնտեսության ճյուղերում աշխատել, նախ 2 ամիս դասընթացների են մասնակցել։ Կրթական ծրագրից բացի, պետությունը նաեւ առավել նպաստավոր պայմաններով վարկեր է տրամադրում. առավելագույնը 5 մլն դրամ՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով, 10 տարի մարման ժամկետ: Այդ նպատակով պետությունն արդեն հատկացրել է 100 մլն դրամ, իսկ անհրաժետության դեպքում վարկի ծավալները կավելանան:
“Դուք ճիշտ ճանապարհի վրա եք եւ այստեղ կարեորը այն է, որ տնտեսության ինչ ճյուղ էլ զարգացնեք, դուք ձեր հետ աշխատանք եք ապահովում եւս 2-3 սիրիահայի համար”,- ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
“Պետությունն իր օժանդակությունը շարունակական է դարձնելու եւ հանարավորություն է ձեզ տալու ոչ միայն բնակության հարցը լուծել, այլ աշխատանքի”,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Կարի արտադրամաս, մեքենաների ջրի պոմպերի վերանորոգում, արդյունաբերական կարգավորումների արտադրություն, հնաոճ կահույքի նորոգում, ավտոտեխսպասարկում, ատամնատեխնիկական ծառայություններ. բիզնեսի այս ճյուղերում են աշխատելու մեր հայրենակիցները: Նրանցից մի քանիսի առաջարկած արտադրությունների տեսակները Հայստանում առաջինն են լինելու: