yerkirmedia.am – Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում վաղը՝ դեկտեմբերի 24-ին, տեղի կունենա “Օգնիր եղբորդ” բարեգործական հիմնադրամի կառուցելիք բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը:

Ինչպես ավելի վաղ “Երկիրն այսօրին” փոխանցել էին հիմնադրամի ներկայացուցիչները, պատերազմի հետեւանքով հայրենիք տեղափոխված սիրիահայերի համար բազմաբնակարան շենքի կառուցման իրավական հարցերը կարգավորված են, գործում է ճկուն գնային քաղաքականություն:

Դեկտեմբերի առաջին շաբաթվա դրությամբ բաշխված էր բնակարանների միայն 40 տոկոսը: Նախատեսվում է, որ 14 հարկանի շենքը կունենա 78 բնակարան: Առաջին հարկում լինելու են նաեւ առեւտրային նշանակություն ունեցող տարածքներ եւ ավտոկայանատեղ:

Բնակարանները շահառուներին կհանձնվեն ներքին բոլոր հարմարություններով: Շինարարներն ու հիմնադրամի անդամները խոստանում են՝ “եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, աշխատանքը կավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետում, այսինքն, 24 ամսից”: