ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 50 սկսնակ ու շուկայում արդեն իրենց դիրքն ամրապնդած սիրիահայ գործարարներ մասնակցում են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Այն արդեն ութերորդն է, որի հիմնական նպատակն է որոշակի բիզնես գործունեություն ծավալող մարդկանց արտադրանքի ներկայացումը հայաստանաբնակ գնորդներին: Ցուցահանդեսին ներկայացված են կոշիկի արտադրությունից մինչև ուլունքագործություն, թխվածքներից մինչև արծաթյա ու ոսկե զարդեր:
Ցուցահանդես-տոնավաճառը կգործի դեկտեմբերի 17-19-ը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում /Մելիք Ադամյան 1/, այն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով շրջեց բոլոր տաղավարների կողքով, մեկ առ մեկ ծանոթացավ ապրանքներն ստեղծողների հետ, տեղեկացավ նրանց գործունեության մանրամասներին:
«Բազմատաղանդ ու համեստ մարդիկ են, շատ խելացի են: Կցանականայի, որ այս ձեռագործ աշխատանքները բոլորի տներում էլ լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Հրանուշ Հակոբյանի խոսքով` ցուցահանդես-վաճառքներն իրականացնում են տաղավար և պետական տոներից առաջ: «Ցուցահանդեսներն օգտակար են, եթե օգտակար չլինեին, չէին կազմակերպվի: Սա առիթ է, որ մարդիկ ներկայացնեն իրենց աշխատանքներն ու վաճառեն, նաև գումար վաստակեն»,-նշեց նախարարը: Իսկ հարցին ի պատասխան, թե ինչ է գնելու, Հրանուշ Հակոբյանը ասաց. «Ես դեռ չեմ որոշել: Անցած անգամ համեմունքներ գնեցի, ուտեստեղեն: Դեռ նոր եմ ծանոթանում»:
Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն էլ հայտնեց, որ իրենց աջակցությունն են ցուցաբերում նմանատիպ միջոցառումներին, քանի որ սիրիահայերը ոչ միայն նյութական աջակցության, նաև հոգեբանական վերականգնվելու, ինտեգրվելու խնդիր ունեն: «Ի ուրախություն բոլորի` մեր հայրենակիցները բավականին արժանապատիվ են, ասում են` տվեք մեզ հնարավորություն աշխատելու: Սփյուռքի նախարարության և աջակից կազմակերպությունների հետ անում ենք հնարավորը, նրանց գործիքներ ենք տրամադրում, որ նրանց բերենք շուկա, որ կայանան Հայաստանում»,-նշեց Մխիթար Մնացականյանը:
Հայկական կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանի տեղեկացմամբ` իրենք մոտ 400-500 անձի սարքավորումների, գործիքների տեսքով աջակցություն են հատկացրել` ըստ իրենց ներկայացրած բիզնես-պլանի: «Հիմնականում, որոշակի նախաձեռնություն ստանձնած մարդիկ են դիմում, ու մենք էլ նրանց աջակցում ենք, նպաստում ենք նրանց բիզնեսի զարգացմանը»,-նշեց Էդմոն Ազարյանը: