yerkirmedia.am – Իշխանաձորում սիրիահայերի համար նախատեսված շենքի շինարարությունը մոտենում է ավարտին: Եվս մի քանի օր, ու նորակառույց բազմաբնակարանն ընդունելու է Սիրիայից Արցախ եկած մեր հայրենակիցներին: Երկու ընտանիք, ի դեպ, արդեն հասցրել է հաստատվել նոր հասցեում: Իշխանաձորի, թերեւս, միակ բազմաբնակարան շենքի շինարարությունը մոտ մեկ տարի առաջ է մեկնարկել: Շինարարներն այս օրերին վերջին աշխատանքներն են կատարում: Բազմաբնակարանի վերակառուցման աշխատանքերը “Քաշաթաղ” եւ “Թուֆենկյան” բարեգործական հիմնադրամներն են հովանավորում: Շ
ենքում նախկինում մանկապարտեզ էր գործում: Իհարկե, շինարարներից նախագծային փոփոխություններ էին պահանջվում: Շենքի շինարարությանը նաեւ նոր բնակիչներից ոմանք են մասնակցում:
Մոտ մեկ ամիս է, ինչ Աբրահամ Դագրմենջյանը տիկնոջ հետ Իշխանաձորում է ապրում: Հուսով են, որ նաեւ զավակներն են Սիրիայից տեղափոխվելու Արցախ:
Իշխանաձորում հաստատվելու համար համայնքապետարանը սիրիահայ ընտանիքներից նոր հայտեր դեռ չի ստացել: Փոխարենն արձագանքները շատ են հատկապես Հայաստանի մարզերից: Իշխանաձորում բնակվել ցանկացողներն առաջիկայում այս նոր հասցեում են հաստատվելու: Այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների համար բոլոր, այդ թվում՝ բնակլիմայական պայմաններն են նպաստավոր։