hayernaysor.am – Նոյեմբերի 14-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արք. Սարգիսեանը հանդիպեց հայաստանաբնակ սիրիահայերի հետ:

Հոգեհանգստի աղոթքից հետո Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց ներկա բազմությանը, որ այսքան կարճ ժամանակահատվածում կարողացավ համախմբվել և ներկա լինել, իր բնորոշմամբ` ոչ սովորական հանդիպմանը:

«Սիրիական հայրենիքից դուրս ենք, սակայն հանդիպում ենք մեր պապենական հողի վրա»,-ողջունելով ներկաներին` ասաց Սրբազանը: Ապա անդրադառնալով հատկապես Հայաստանում հաստատված սիրիահայերին` ասաց. «Մենք փախչող ժողովուրդ չենք, մենք վերադարձող ժողովուրդ ենք: Մենք կվերադառնանք մեր արմատներին և ցանկությունս է, որ մեր ոտքերն ամուր լինեն այստեղ և արմատ գցեն հայրենիքի մեջ»:

Սրբազան հայրը անդրադարձավ նաև Սիրիայում ապրող հայերի իրավիճակին, նրանց գոյատևելու կամքին և ապրելու վճռականությանը. «Հակառակ տիրող պայմաններին` մեր դպրոցները չփակվեցին: Մենք կյանքին նայում ենք լավատեսությամբ, հուսահատվելը հակաքրիստոնեական է, մենք Սիրիայում կանք և պիտի լինենք ու կշարունակենք… Մենք անտեր, անտիրական չենք, մենք Աստծո և Ազգի հովանին ունենք: Այո´, դժվարություններ կան, և մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները»:

Հանդիպման ավարտին Բերիո թեմի հոգևոր առաջնորդը հանդիպմանը ներկա սիրիահայերին մաղթեց, որ հայրենիքի մեջ բարգավաճեն: Խնդրեց աղոթել Սիրիայի, սիրիահայերի և սիրիաբնակ իրենց եղբայրների և քույրերի համար: