tert.am – Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին օրերին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, սակայն երբեմն տհաճ անակնկալներ լինում են:
Հալեպում Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կյանքի անվտանգությունից առավել մարդիկ տնտեսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած և հոգեպես է՛լ ավելի են ընկճվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի Ազգային առաջնորդարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր առաջնորդարանի պահակ Նազարեթ Մալճյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ օրեր առաջ ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվածներից մեկն էլ է հայ, ում վիճակը գնահատվում է ծանր:
Հալեպում այս օրերին էլեկտրաէներգիայի սուր ճգնաժամ է: Որոշ թաղամասեր օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ են հոսանք ունենում: Իսկ որոշ շրջաններում էլ էլեկտրաէներգիա արտադրող սարքեր են տեղադրել և չափազանց թանկ գնով հոսանք են վաճառում՝ գոնե մեկ լամպ կամ հեռուստացույց միացնելու համար:
Սիրիայի իշխանական աղբյուրները հաղորդում են Հալեպում Հոմսի օրինակով հրադադար հաստատելու շուրջ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն շատ հալեպահայեր այդ խոսակցություններն իրատեսական չեն համարում:
Իսկ առջևում ձմեռ է, և սիրիահայերի բազմաթիվ խնդիրներին գումարվելու է ևս մեկը՝ ջեռուցման հարցը: Տնտեսական անտանելի վիճակում հայտնված շատ ընտանիքներ վառելանյութ գնելու դժվարության առաջ կարող են կանգնել: