yerkirmedia.am – “Քեսաբ հայրենակցական միավորում” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթն ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում քեսաբահայ 200 երեխա է սովորում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումն աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու գործում: “Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակույթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը:

Մենք պետք է պահպաննենք Քեսաբի բարձր մշակույթն ու մեծ ավանդույթներ ունեցող համայնքը, աջակցենք ավերված համայնքային կառույցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապես սատարենք մեծ փորձությունների բովով անցած մեր հայրենակիցներին”,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ “Քեսաբ հայրենակցական միավորումը” հիմնադրվել է 2014 թվականին, եւ կառույցն իր առջեւ խնդիր է դրել համախմբել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող քեսաբահայերին, աջակցել Քեսաբում ապրող եւ վերջին զարգացումների հետեւանքով Հայաստանում գտնվող քեսաբցիների վիճակի բարելավմանը: