tert.am – Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կառավարության ձևավորման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՍԱՆԱ սիրիական գործակալությանը։
Վարչապետի պաշտոնում կրկին Վաիլ ալ Հալքին է, Վալիդ Մուալեմը կշարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Պաշտպանության նախարար է մնացել Ֆահդ ալ Ֆրեյջը, ներքին գործերի նախարար՝ Մուհամեդ Իբրահիմ աշ Շաարը։ Չեն փոփոխվել նաև արդարադատության, կրոնական հարցերի և տեղեկատվության նախարարները։
Միևնույն ժամանակ Ասադը 11 նոր նախարար է նշանակել, այդ թվում՝ արտաքին առևտրի, ջրային ռեսուրսների, տրանսպորտի, բնակշինարարության, էկոնոմիկայի, հեռահաղորդակցության և առողջապահության նախարարներ։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը հայտնում է, որ Սիրիայի բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը:
Բացի այդ, ստեղծվել է վարչական զարգացման նախարարություն։