Փետրվարի 17-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով:
Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում, այնպես էլ մայր-հայրենիքում: Նրանք պարգևատրվել են մեդալներով, արժանացել դիպլոմների և դափնեկրի կոչման:

Միասին համերգային ծրագրով ելույթը նորություն չէր այս զույգի համար: Դեռևս 2011 թվականի ապրիլի 23-ին Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը համատեղ մենահամերգով ելույթ ունեցան Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, որն անցավ մեծ հաջողությամբ:

Արձագանքելով սիրիահայերին օգնելու կոչին, Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը վճռեցին իրենց մասնակցությունը բերել բարեգործական ակցիային:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենյան սրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգի ժամանակ հնչեցին ժողովրդական, հայրենասիրական և էստրադային երգեր, ռոկ կատարումներ, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվում էին բուռն ծափահարություններով: Երգերն ուղեկցվում էին «Ջեյրան» և «Անի» պարային համույթների նազելի պարերով:

Համերգի ժամանակ կատարվեց հանգանակություն: Ողջ նվիրատվությունը փոխանցվեց սիրիահայերի օգնությանը:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.335497419900410.77864.113192792130875 հասցեով:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Արմազի փող. 18, 0103, Վրաստան, Թբիլիսի
Հեռ.: +995322546411
Բջջ.: +995593397170
Ֆաքս +995322751790
Էլ-փոստ՝ [email protected]