ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում վաղ առավոտից ռմբակոծության ձայներ են լսվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը, բուռն մարտեր են ընթանում «Քառասնաց մանկանց» հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող թաղամասերում: Եկեղեցին ուղղակիորեն կռիվների թատերաբեր չի դարձել, այնուամենայնիվ, մոտակայքում գտնվող հին թաղամասերը այժմ վտանգավոր գոտում են հայտնվել: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ թեժ մարտերը շարունակվում են նաեւ Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում:
Մամուլի քարտուղարը նշեց, որ փետրվարի 17-ին Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում վիրավորված հայը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դիպուկահարի արձակած փամփուշտից վնասնվել է մեր հայրենակցի ձեռքը: Նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:
Ինչ վերաբերում է օրեր առաջ առեւանգված Գեւորգ Կարագուլյանին, Ռեյիսյանը տեղեկացրեց, որ այս պահին տեղեկություններ չկան, առեւանգողները բավական մեծ գումար են պահանջում նրան ազատ արձակելու համար: Տեղեկություններ չկան նաեւ առեւանգված հոգեւորականների վերաբերյալ:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: