ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դիպուկահարի արձակած փամփուշտից վնասնվել է մեր հայրենակցի ձեռքը: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ռեյիսյանի խոսքով` վիրավորված հային արդեն վիրահատել են:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրի ճանապարհին առեւանգվել է հայազգի Գեւորգ Կարագուլյանը: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Գեւորգ Կարագուլյանը միայնակ չի եղել: Նրա հետ եղել են նաեւ նրա եղբայրը եւ երկու գործընկերները, ովքեր չեն առեւանգվել: Առեւանգողները Գեւորգ Կարագուլյանին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: