Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի այսօր կայացած շնորհանդես–վաճառքին հեղինակը ներկաներին տեղեկացրեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի սիրիահայերին, 1200 միավոր էլ կտրամադրվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրադարաններին։
Հեղինակն իր խոսքն սկսեց խոստովանությունից, թե ինչու հենց ինքը սկսեց այս գիրքը հեղինակել։ «Գրքում առկա է նաև Ցեղասպանության թեման, և դա ինձ շատ հոգեհարազատ է։ Երբ միշտ խոսում ենք մահվան, ցավի մասին, պետք է հիշենք կյանքի շարունակությունը, այս պատկերները գալիս են քեզ ցույց տալու, որ ազգը շարունակական է»,–ասաց նա։
Նշենք, որ գրքում ներկայացվում են տարաբնույթ աղբյուրներից վերցված՝ հայկական մատենագրություն, ճարտարապետություն, պատկերաքանդակներ, լուսանկարներ և հայկական զինանշանները, դրոշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Առանձին ներկայացված են ՀՀ պետական խորհրդանշաններն ու պարգևները: Գիրքը ներառում է նաև մինչ օրս անհայտ կամ քիչ հասանելի նյութեր և փաստեր:
Շնորհանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց, որ մտահղացումը Հայկ Դեմոյանի մոտ կար երկար ժամանակ։
«Շատ հետաքրքիր բովանդակությամբ գիրք է …Մենք եկել ենք մեր ազգային խորհրդանիշերի շարանով, և այս հանրագիտարանն ամբողջությամբ մեր հայ ժողովրդի խտացված պատմությունն է ներկայացնում»,– ասաց նա՝ հավելելով, որ սա հանրագիտարան է նաև մեր մեծերի։
Նախարարն ասաց, որ հաշվի առնելով պատմական բոլոր հանգամանքները, իր համար շատ կարևոր է Հայաստանի Առաջին Հանրապետության մասին հատվածը։
Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով,ինչի առթիվ հիմնադրամի համանախագահ Գաբրիել Ջեբեջյանը շնորհանդեսի ժամանակ իր ուրախությունը հայտնեց և հպարտությամբ նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է վերապահվել՝ այս գիրքը տպելու հնարավորությամբ։
ԹԵՐԹ.am