ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցել նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող Հայաստանում հաշվառված սիրիահայերը: Նրանցից ոմանք արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:Սիրիահայ բժիշկ Մարինա Ուսուբը քվեարկել է վաղ առավոտտյան եւ բավականին բարձր տրամադրվածությամբ: «Ես քվեարկել եմ հանուն ազատ, անկախ ու անփորձանք Հայաստանի»,-ասաց նա` հավելելով, որ ընտրություններից հետո ակնկալում է, որ գոնե բժիշկների աշխատավարձը կբարձրանա:
Սիրիահայ Մովսես Բաղդասարյանն էլ քվեարկել է հանուն խաղաղ Հայաստանի: «Հուսով եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ էլ ավելի լավ կլինի»,-ասաց նա:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով` Հայաստանում այժմ բնակություն է հաստատել 6000 սիրիահայ, որոնցից 3000-ն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել: «Նշածս 3000 սիրիահայերից մոտ 500-ը հետ է վերադարձել Սիրիա, իսկ թե 2000-2500 սիրիահայերից քանիսն են մասնակցել ընտրությանը` կիմանանք վաղը»,-ասաց նա:
Հայաստանում բնակվող շուրջ 6 հազար սիրիահայերից 3 հազարը նախորդ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Սփյուռքի նախարարությունն իրականացրել է սիրահայերի` ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ` չառաջացնելով, սակայն, արհեստական հետաքրքություն:
ՀՀ քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ հանարպետության 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված են ընդհանուր թվով 2 մլն 505 հազար 980 ընտրողներ: Նախագահի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: