ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ժողովուրդը տառապում է հոսանքի և ջրի սուր բացակայությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը վատթարացնում է նաև ամառվա 40-ից ավելի ջերմաստիճանով տապը: Մյուս կողմից, թեև փոքր-ինչ թեթևացել են բախումները և պայթյունները, այնուամենայնիվ, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրասանդներն ու հրթիռները շարունակում են վտանգել խաղաղ բնակչության կյանքը:
Սիրիական բանակը շարունակում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում պայքարել զինված ընդդիմադիրների դեմ: Բանակը կանխել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս զինյալների ներխուժելու փորձը: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Հալեպի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար և այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ: