Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրապարակել է «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով գիրք: Հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Գիրքը ներկայացնում է 2006թ., 2008թ., 2010թ. Քեսաբի շրջանում պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների, ինչպես նաև նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր (վիմագրություն, ճարտարապետություն, պատմություն) ուսումնասիրությունը:

Ր. Քորթաշյանն ասաց, որ գրքում ներկայացված են Քեսաբ ավանն ու ավանի շուրջ գտնվող 11 հայկական բնակավայրերի հուշարձանները:

Ըստ գրքում ներկայացված տվյալների, Քեսաբի շրջանում մեզ հայտնի վաղագույն հուշարձանները պատկանում են հռոմեական ժամանակաշրջանին: Հայերն այստեղ բնակություն են հաստատել 14-15-րդ դդ. ընթացքում: Տեղում պահպանվել է 15-16-րդ դդ. թվագրվող խաչքարեր: Շրջանի հայկական հնագույն կառույցներից են Քեսաբ ավանի հարավարևելյան եզրին գտնվող Սուրբ Մարուքե մատուռը (16-18-րդ դդ.), կենտրոնական թաղի Սուրբ Աստվածածին և Գարատուրանի Ծովի թաղի Սուրբ Գևորգ եկեղեցիները (18-րդ դ.): Մեզ հասած հայերեն հնագույն երկու արձանագրությունները վերաբերում են 1770թ. և 1809թ. :