kantsasar.com – Գարնանային ծաղկունք ապրող Մայիսը ողողւում է շեփորների հնչիւններով, որոնք յիշեցընում են յաղթանակները Սարդարապատից մինչեւ Պերլին, իսկ երկարամեայ պատերազմի ճիրանների մէջ ճզմուող հայը, լաւատես աչքերով բացում է սովորական թուացող լուսաբացի վարագոյրն ու փայլող արեւին տալիս իր առաջին բարեւը` փորձելով շղարշել ապրիլեան եղերական յիշողութիւնները:
-«Մի քանի օրից ընտրութիւններն են, բարեյաջող կ՛անցնի», մտածում է լաւատես հայուհին ու նախաճաշի համեստ փաթեթը երկարելով խաչակնքում է դէմքն ու յաջողութիւն մաղթում անգործ մնացած ամուսնուն, որը ծովային կենդանու յամառութեամբ ամէն օր ուղղւում է իր գործատեղին, յուսալով թալանուած խանութից փրկել մէկ-երկու կտոր ապրանք վաճառելու եւ օրուայ ապրուստը չհոգացող մի քանի ղրուշը տուն բերելու:

Նրա ետեւից թափահարուող ձեռքը սահում է ներքեւ, թաց մատները չորացնում մէջքից կախ ընկած գոգնոցի ծայրով ու փակւում է դուռը: Ուղղւում է դէպի խոհանոց, բացում է չաշխատող սառնարանի կիսաբաց դուռն ու երկա՜ր կանգնում դատարկ տուփի առաջ: Տհաճ հոտ արձակող այդ տուփը վերջերս անքան լքուած է դարձել դատարկ լինելու պատճառով: Նա մի պահ խորը շունչ քաշելով նայում է սպիտակ, դատարկ յարկերին, ապերախտ պէտք չէ լինել, յիշողութեան անիւը ետ է տալիս ու նրա աչքի առաջ լցւում է ուտելիքների գոյների ու տեսակների բազմազանութեամբ: Երկար կանգնած կը մնար, եթէ թարմ ռեհանի եւ ազատքեղի բուրմունքը չարթնացնէր ակնթարթային երազից:

-Ինչ փոյթ, ձաւարն ու բրինձը հերթական անգամ տրամադրում են բարեսիրական հաստատութիւնները, մեծ քանակ է կազմում, զետեղելու ամենայարմար տեղն է նեղլիկ տան մէջ, փա՜ռք այսքանին: Պարզում է կնճռոտուած ձեռքերն ու բացում բամպակեայ, սպիտակ պարկի ծայրն ու հաշւում մէկ- երկու ու ձեռքի գաւաթը մէկ կողմ դնելով` անցնում գործի:

Հայ կնոջ պարտականութիւնների կարեւորագոյն մասն է նախ մտածել ճաշատեսակի ճիշդ ընտրութեան մասին, չկրկնելու նախորդ շաբթըւայ շարքը, թէեւ հիմա իրար փոխարինելու են գալիս մի օր ոսպի կարմիր կամ սեւ տեսակը, միւս օր` ձաւարն ու այսպէս գրեթէ ամէն շաբաթ:
Հոգ չէ, բացում է ծորակն ու խռխռոց հանող խողովակից չնեղացող կնոջ ոչ յուսահատ աչքերն տեղափոխւում են կողքի դատարկ սափորը, որը հազուադէպ է լիքը լինում, արագութեամբ թողնում է ձեռքի իրերն, անցնում է միջանցք, ուռած ոտքերը դժուարութեամբ զետեղելով նեղ կօշիկի մէջ` ուղղւում է փողոց:

Յոգնած ուսերից կախ ընկած նիհար վերջոյթներին ամրացուած մատները հազիւ իրենց մէջ բռնելով դոյլի բռնակից` հասնում է մօտիկ եկեղեցին: Բարի ժպիտը դէմքին բարի լոյս է մաղթում ծանօթ-անծանօթի ու երկար հերթի վերջում զբաղեցնելով իր տեղը վար է դնում դոյլերն ու արմուկները յենելով նիհարած որովայնի երկու կողմերում ցցուած կարծր ոսկորներին, հայեացքն ուղղում է եկեղեցու գմբէթի կոտրուած խաչին, չորացած շրթունքները շարժելով մտմըտում է Տէրունական աղօթքն ու հեւացող կուրծքը հանգիստ շունչ է քաշում:
Վերադարձին, նրա դժկամող ոտքերն այնքան դժուարութեամբ են քարշ տալիս ծանր դոյլերը եւ կնոջ անհաւասարակշիռ շարժումներից ջուրի մի որոշ քանակ երբեմն-երբեմն թափւում քարուքանդ փողոցի փոսերի մէջ` հոգալու ծարաւ թռչուններին:
Կազօճախի վրայ, փոքրիկ կաթսայում եռացող ջրի մէջ վեր ու վար են անում ոսպի ուռուցիկ հատիկները, իսկ նրանց դգալով ետ ու առաջ շարժող տիկնոջ մտքում ետ ու առաջ են շարժւում մսի մանր կտորները: Խորը շնչում է գոլորշու հետ տարածուող մսի բուրմունքն ու երկարաձգում արտաշնչելու պահը:

-Գոհ է, երբեք էլ դժգոհելու իրաւունք չի տուել իրեն: Ամուսնու հոգատար ու բարի խառնուածքն այնքա՜ն բարձր է գնահատել, չէ՞ որ որբութեան ցուպը նա է վերցրել ձեռքից դառնալով ընկեր, ամուսին, մտերիմ բարեկամ ու իր համեստ կարողութեամբ ջանացել է երջանիկ դարձնել իր ապրած ամէն մի վայրկեանը: Բայց պատերազմը` ա՜խ, այս չարաբաստիկ պատերազմը…

Կաթսայի կափարիչը ամուր փակւում է, նրա տակ զետեղելով սպիտակ մի կտոր ու սեղանի վրայ բաժակ ու պնակ շարելով անցնում է կողքի սենեակը: Արձակում է մազի կապուած գանգուրները, վարդագոյն շրթներկով մի քանի կէտեր անելով այտին շփում ափերով, գունատութիւնը փարատելու համար ներկում է շուրթերը:

Պայքարելով կամ ինքնապաշտպանութեամբ փորձում է անտեսել ճակատագրի փոշոտ իրականութիւնը, սկսած այն պահից, երբ հրասանդներն ստիպեցին հեռանալ իրենց հարազատ բնակարանից ու ժամանակաւորապէս ապաստան գտնել այս տանը մէջ` արդէն մէկ եւ կէս տարի:

-Եթէ զաւակ ունենայի` վստահ պարտականութիւնների զանազանութեան պատճառով առիթ չէի ունենայ կեդրոնանալու միջադէպերի վրայ: Ահա, կողքիս Հռիփսիկը երեխաների հոգսերից աչք չի բացում, որ ինքն իր մասին մտածի:

Չէ՜, լաւ որ չունեմ այս պայմաններում ինչպէ՞ս պիտի հոգայի իրենց կարիքները. ճիշդ են ասում. «Ամէն չարիքի մէջ բարիք կայ»:
-Շատ անգամ է յուսահատել, յուզուել, ջղաձգուել ախր ինքն էլ է փափաքել մայրանալ, բայց մի պահ երբ նայել է ամուսնու յանցաւոր աչքերին` անմիջապէս հեռացնելով կպչուն մըտքերը, մի տաքուկ համբոյրով խնդրել է, որ ների իրեն:

Սէրն ամէն ինչ է, ամէն ինչից ամենազօրեղն է . կեանքը սիրել է պէտք ինչպէս որ է: Քեզ կեանք տուող կեանքից պէտք չէ երես թեքել: Անմիջապէս վերցնում է թուղթն ու մի մեծ նետահարուած սիրտ գծելով, երկու կողմերում գրում է Նարէ -Յարութիւն:
Մի պահ շիկնում են այտերը, մի քիչ մեծ չէ՞ նման բաների համար…

Շուտով կը մեկնենք Հայաստան ու մի մանչ կ՛որդեգրենք, անունն անպայման Վրէժ կը դնեմ, որ մի օր, վերադառնալով Հալէպ, վրէժ լուծի թըշնամուց` իր հօրը եւ հայրենակիցներին պատճառած նիւթաբարոյական վնասների համար:
Այս միտքն ինքնին գոհունակութիւն է պատճառում նրան. սա արդէն լաւատեսութիւն չի, թուրքի դիմաց վրիժառու հայորդիներ են պէտք:

Հարիւր տարի ու անսանձ գազանութիւն: Դեռ երէկ թուրքի սադրանքների պատճառով հայաթափուեց Քեսապն ու քեսապցու հողը գուրգուրացող ձեռքերն անհանգիստ բռունցքւում են ջղաձգուելուց: Թշնամին այրում է ծաղկած այգիներն` այրելով հողի կեանք տանող ճանապարհը: Քեսապն իր ծննդավայրն է, ծնողների շիրիմներն իսկ թշնամու ձեռքում են:

-Պէտք չէ յուսահատել: Վաղը, վաղն իսկ կը փոխուի շատ բան, կ՛ընտրուի նախագահն ու…

Ուժեղ սուլոց է լսւում, տանիքին ասես մի ահագին ժայռ է ընկնում: Նարէն թեւերի մէջ է առնում սարսափած գլուխն ու անել կծկւում: Մի երկու վայրկեան ու պայթում է հսկայ ժայռը: Փոշին ծածկում է երկինքն ու ամպերից տեղում են ժայռաբեկորներ: Եւս մի քանի րոպէ ու հանդարտում է ամէն բան:

Սարսափած Յարութիւնը փլատակների տակ փնտռում է Նարէի դին, բայց հսկայ կառոյցից միայն մի քանի ոսպի հատիկ էր փրկուել:
Ահաբեկչի կործանիչը երջանիկ էր:

Մարգարիտ Շամիլեան

17/06/2014