armworld.am – Հունիսի 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։

Այս կապակցությամբ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

-Քեսաբի գրավումից հետո հայտնի դարձավ, որ թուրք-սիրիական սահմանի այդ հատվածը չի եղել սիրիական բանակի հսկողության տակ, այլ ընդամենը վերահսկվել է ոստիկանական ստորաբաժանումների կողմից, ինչն էլ հնարավորություն տվեց իսլամիստ գրոհայիններին Թուրքիայի աջակցությամբ հեշտությամբ ներթափանցել Քեսաբ: Ակնհայտ է, Քեսաբի ազատագրումից հետո Սիրիայի կառավարությունը կատարվածից պետք է որ լուրջ հետեւության հանգի: Հայտնի՞ է, թե ինչ քայլեր են արվում սահմանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

– Այո, Քեսաբի գրավումը Սիրիայի իշխանություններին լուրջ մտորելու տեղիք տվեց, քանի որ ակնհայտ դարձան թուրք-սիրիական սահմանի այս հատվածում գոյություն ունեցող բացթողումները: Իրոք, սիրիական բանակային ուժերն այստեղ լուրջ ներկայացվածություն չունեին. Քեսաբը ահաբեկիչների համար դարձավ հեշտ խոցելի:

Սիրիայի իշխանությունը գիտակցում է այդ վտանգը: Հետեւաբար կառավարական ուժերը պետք է ամեն ինչ անեն ապահովելու իրենց ներկայությունն այս տարածքում: Առավել եւս, որ դեռեւս Թուրքիայի տարածքից սահմանը խախտելու վտանգը վերացված չէ, սահմանակից շրջանների բարձունքներն առայժմ գտնվում են իսլամիստական զինյալների վերահսկողության տակ, ինչը նպաստավոր դիրք է հարձակվող կողմի համար:

Այնպես որ, Քեսաբի ազատագրումից հետո, կարծում եմ, Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ լուրջ միջոցառումներ կիրականացնեն, նաեւ թուրք-սիրիական սահմանին կհաստատեն ռազմական վերահսկողություն՝ հույսը չդնելով ոստիկանական ստորաբաժանումների վրա, որոնք չկարողացան դիմակայել ու տեղի տվեցին:

Իսկ այսօր այլեւս իրողություն է, որ Քեսաբը սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ է, որոնք լայնածավալ գործողություններով կարողացան գրավել առանցքային բարձունքներ ու բացել դեպի Քեսաբ տանող ճանապարհը: Փառք ու պատիվ նաեւ այն քեսաբահայերին, ովքեր կռվեցին ու զոհվեցին հանուն իրենց ծննդավայր Քեսաբի ազատագրման:

Մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այս տարածաշրջանում, ավելորդ չոգեւորվել ու սթափ գնահատել իրավիճակը: Կարծում եմ, հայությունն այս ուղղությամբ դեռ անելիք ունի:

-Ի՞նչ կասեք այն տեղեկատվության առնչությամբ, թե թուրքական սահմանապահ ուժերը սահմանը փակել են նահանջող ահաբեկչական զինյալ խմբավորումների առաջ եւ միայն օտարերկրացի զինյալ ահաբեկիչներին են թույլ տալիս հեռանալ Թուրքիայի տարածքով։ Իհարկե, դժվար չէ կռահել, թե որ զինյալների առաջ է բացվել Թուրքիայի ճանապարհը:

-Անշուշտ: Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման օրը հայտնի դարձավ, որ գրոհայինների մեջ կան մեծաթիվ իսլամական խմբավորումներ, որոնց մեջ առանձնակի մեծ թիվ են կազմում կովկասցի իսլամականները, այսինքն՝ չեչենները, ադրբեջանցիները: Այս գործողությունների ընթացքում թուրքական ծագում ունեցող իսլամական այդ խմբավորումներին Թուրքիան շատ կարեւոր դեր վերապահեց, նրանց ֆինասավորում էր, տալիս մեծաքանակ զենք, զինամթերք:

Վերջին շրջանում Քեսաբի հարակից բարձունքները հիմնականում հենց այդ խմբավորումներն էին վերահսկում, եւ բախումներն էլ տեղի էին ունենում կառավարական ուժերի ու թուրքական ծագում ունեցող իսլամական խմբավորումների միջեւ: Կարեւորելով կովկասցի իսլամականների դերը՝ Թուրքիան նպատակ ուներ նրանց ներկայությամբ տարածքն իր կողմից ամբողջությամբ վերահսկելի դարձնել:

Եվ երբ Սիրիայի կառավարական զորքերն ակտիվորեն առաջ շարժվեցին, տարածվեց հենց այդ տեղեկատվությունը, թե Թուրքիան միայն օտարերկրացի զինյալների առաջ է բացել իր սահմանը ու նրանց տվել հեռանալու հնարավորություն: Իսկ «օտարերկրացի զինյալ» ասվածը հենց հիշատակածս կովկասցի իսլամականներն են՝ չեչենները, ադրբեջանցիները: Այսինքն՝ այն ուժերը, որոնք հովանավորվում էին Թուրքիայի կողմից:

Բայց ասեմ նաեւ, որ այժմ էլ արդեն զուգահեռաբար տարածվում է տեղեկատվություն, թե այնուամենայնիվ թուրքական կողմը նահանջող ահաբեկչական մյուս զինյալ խմբավորումների առաջ բացել է ճանապարհը՝ նրանց եւս թույլ տալով Թուրքիայի տարածքով հեռանալ:

-Այսօր, երբ արդեն ազատագրվել է Քեսաբը, Սիրիայի իշխանության համար կարեւորագույն խնդիր է ապահովել Քեսաբի բնակչության ապահով վերադարձը սեփական բնակավայրեր, նաեւ ձեռնարկել ինքնապաշտպանական քայլեր: Ի՞նչ տեղեկություններ ունեք հայության տունդարձի հետ կապված:

-Այո, Քեսաբի բնակչությունը վաղուց էր սպասում այս օրվան: Իհարկե, դեռ նոր է ազատագրվել քաղաքը, բայց մարդիկ անհամբեր են ու պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայրը: Հայտնի է, որ այժմ բանակի կողմից տարվում է աշխատանքներ ահաբեկիչների տեղադրած ականներից, այլ պայթուցիկ սարքերից Քեսաբն ու շրջակա բնակավայրերը ականազերծելու ուղղությամբ: Միայն այդ աշխատանքների ավարտից հետո Սիրիայի իշխանությունը հնարավորություն կտա քեսաբահայությանը վերադառնալ:

-Տարբեր տեսանյութեր, լուսանկարներ վկայում են, որ գրոհայինները Քեսաբից հեռացել են՝ այրելով եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, թալանվել է հայկական մշակութային արժեքների մեծ մասը, իսկ թալանը տեղափոխվել Թուրքիա՝ վաճառքի նպատակով:

-Գիտեք, հասնում է հակասական տեղեկատվություն: Ճիշտն ասած, ինձ հասած լուրերի համաձայն, տպավորությունս այնպիսին է, որ մեծածավալ ավերածություններ չեն եղել: Թերեւս պատճառն այն է, որ զինյալները Քեսաբում քիչ են եղել եւ հիմնականում զբաղեցրել են հարակից բարձունքները, ուր եւ մարտեր էին ընթանում: Եվ այն տեսանյութերը, որոնցում պատկերված են այրված շենքեր, Քեսաբին չեն վերաբերում:

Իսկ թալան, այո, եղել է, նույնիսկ տեսանյութերից մեկում պարզ երեւում է, թե ինչպես իսլամիստները տարբեր իրերով բարձած մեքենաներով հեռանում են Թուրքիայի ուղղությամբ: Հիշեցնեմ նաեւ, որ Քեսաբը գրավելուց հետո իսլամականները տարածել էին մի տեսանյութ, որում խոսում էին այն մասին, թե իրենք ձեռք չեն տվել հայկական եկեղեցիներին, մշակութային կոթողներին, ամեն ինչ իր տեղում է, նույնիսկ ասում էին՝ հայերը կարող են գալ ու աղոթել:

-Հունիսի 3-ին Սիրիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որն իրոք արտահայտեց սիրիացի ժողովրդի կամքը: Հույսեր կա՞ն, որ նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակը կնպաստի երեք տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմի հանգուցալուծմանը:

-Ամենեւին այն կարծիքին չեմ, որ անցկացված ընտրությունները վերջ կդնեն պատերազմական գործողություններին, քանի որ կան հարցեր, որոնց պատասխանները շարունակում են մնալ օդում: Հակամարտության մեջ ներգրավված են այնպիսի ուժեր, որոնց ձեռնտու չէ պատերազմի ավարտը:

Ընտրություններից հետո ավելի սրվեցին ռազմական գործողությունները: Բախումներն այսօր շարունակվում են Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում: Տարածաշրջանում վտանգված է քրիստոնեական համայնքը, նախագահական ընտրությունների օրերին ռմբակոծությունները հիմնականում ուղղված էին քրիստոնեական թաղամասերի ուղղությամբ, այդ թվում եւ հայկական թաղամասերի:

Ես բազմիցս եմ ասել, որ Քեսաբից հետո հայության ուշադրության կենտրոնում պետք է լինի Հալեպը, ուր ունենք մեծաթիվ հայ համայնք, եւ որն այսօր վտանգված է: Ամեն օր մենք աշխարհի ուշադրությունը պետք է սեւեռենք հալեպահայության վիճակի վրա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ