tert.am – Իսլամական զինյալներից ազատագրված Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում իրավիճակը դեռ չի փոխվել, այնտեղ ո՛չ հոսանք կա, ո՛չ ջուր, ո՛չ հեռախոսակապ, բայց հայ ընտանիքները սկսել են վերադառնալ իրենց տները:

«Լրիվ ավերված է, պայթեցրել են: Երեկվանից աշխատանքները սկսված են, մաքսիմում 15 օրից կվերականգնվեն: Մի ժամ առաջ խոսեցի Քեսաբ, բոլոր հայ ընտանիքները վերադառնում են: Հայաստանից երեք ընտանիք արդեն գնացել է Քեսաբ: Հիմնականում տղամարդիկ են գնացել»,-այսօր կայացած ասուլիսին ասաց «Սոցիալ դեմոկրատ հնչակյան» կուսակցության հայաստանյան կառույցի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Վերջինիս խոսքով՝ բանակը չի թողնում, որ շատ ժողովուրդ գնա, քանի որ տարածքն ամբողջությամբ ականապատված է, և հիմա վնասազերծման աշխատանքներ են ընթանում: «Բոլոր սահմանները բանակի հսկողության տակ են, ես չեմ կարծում, որ Քեսաբի վրա հարձակումը կրկնվի»,–ասաց նա։

Նա նաև նշեց, որ Քեսաբը սիրիական բանակի, ինչպես նաև հայ երիտասարդների ուժերով ազատագրվեց, տեղում է եղել քեսաբցիներից կազմված ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև Արցախից իր ընկերների հետ մեկնած Վահան Բադասյանը. «Ոչ մի այլ ջոկատ Հայաստանից չի գնացել»:

Վազգեն Մեսրոպյանը նաև վստահեցրեց, թե տեղեկությունները, որ Թուրքիան փակել է սահմանները և թույլ չի տվել, որ իր տարածքով ահաբեկիչները փախչեն, ճիշտ չեն:

Քեսաբում տիրող իրավիճակի մասին բանախոսն ավելացրեց, որ հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները քանդված են և այրված: Անգամ մինչև հիմա կան տներ, որ դեռ այրվում են: Բայց ամենաշատը վնասներ կրել է Քեսաբի կենտրոնը: