panorama.am – Քեսաբի ազատագրումը բավականին ուշագրավ գործընթաց է և այն տեղավորվում է այսօր Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Քեսաբի դեմ հարձակումը տեղի ունեցավ մարտի 20-21-ին, որին նախորդում էր նախագահական ընտրությունների կազմակերպումը: Այս շրջանում տրամաբանության մեջ էր նաև սիրիական բանակի գործողություններ իրականացնելու մարտավարությունը»,-նշեց արաբագետն` ավելացնելով, որ նրանց հիմնական նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում անվտանգության ապահովումն էր` ընտրողների մասնակցությունը ընտրական գործընթացին մասնակցելու համար:
Բանախոսն ընդգծեց, որ Քեսաբի աշխարհագրական դիրքը բավականաչափ կարևոր է, իսկ նրա անվտանգությունը շատ կարևոր էր այսօր գործող իշխանությունների համար. «Քեսաբի դեմ հարձակումը ժամանակավոր քայլ էր և ընտրություններից հետո այդ զինյալներն էլ, ըստ էության, ոչինչ չունեին անելու այս տարածքում»: