tert.am – Իսլամիստ գրոհայիններից օրեր առաջ ազատագրված Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի հայերը, որոնք ամիսներ առաջ ապաստանել էին հարևան Լաթաքիայում և այլ բնակավայրերում, չեն շտապում վերադառնալ իրենց բնակարաններ, քանի որ այնտեղ դեռ լիարժեք անվտանգություն չկա:

Քեսաբցի Հակոբ Քորթմոսյանը, ով չորս ամիս առաջ Հայաստան էր եկել, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ կապվել է հարազատների հետ, ովքեր երեկ Քեսաբ էին գնացել, որպեսզի տեսնեն՝ ինչ իրավիճակ է այնտեղ, վերջիններս էլ ասել են, որ հետ են գնում Լաթաքիա, որովհետև Քեսաբում «վերջնական ապահովություն չկա»: «Հոսանքն անջատել են, հեռախոսակապերն անջատել են: Հիմա ուղղակի գնում են, տեսնեն՝ ինչ է մնացել, ինչպես կարող են վերակառուցել, մինչև այդ խնդիրները կլուծվեն»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ քաղաքն ամբողջությամբ ազատագրել են, պարզապես պետք է այդ ապահովության խնդիրը լուծվի, որովհետև սահմանն ամբողջությամբ ականապատված է, և հիմա բանակը խմբեր է տրամադրել, որպեսզի այդ տարածքներն ականազերծվեն:

«Եկեղեցիներն այրել են, մշակութային կենտրոններն ամբողջությամբ թալանել ու կողոպտել են: Վնասը շատ է, անգամ գյուղատնտեսական տեխնիկան գողացել ու տարել են, ոչ մի բան չեն թողել: Որոշ մարդկանց տներ էլ այրել են»,- ասաց նա և հավելեց, որ առաջիկա օրերին ինքը կգնա Քեսաբ, որպեսզի օժանդակի քաղաքի վերակառուցմանը:

Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լաթաքիայի նահանգապետը խոստացել է 3 օրվա ընթացքում լուծել Քեսաբ ավանի ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, հաղորդակցության և կապի միջոցների վերականգնման հարցը: Սիրիական պետական լրատվամիջոցը հաղորդել է, թե 250 ընտանիքներ արդեն վերադառնում են Քեսաբ:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը նույնպես մեզ փոխանցեց, որ Քեսաբում այս պահին իրավիճակը հանգիստ է, մարդիկ կամաց-կամաց տուն են վերադառնում, բայց ամենուր ավերածություններ են, տներն այրված են, քանդված, կողոպտված:

Հարցին, թե մոտավոր ինչ չափի վնասի մասին է խոսքը, քաղաքապետը պատասխանեց, որ դեռ հստակ հաշված չէ, սակայն զինյալներն ամեն տուն մտել են: «Եկեղեցին այրել են, քանդել են, պետական հաստատություններն այրել են, կենտրոններն ավերել են: Շենքերը կողոպտված են, այրված, քանդված»,- ասաց նա:

Քեսաբից վերջին իրադարձությունների մասին մեզ պատմեց նաև ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը: «Երեկ չէ առաջին օրը Քեսաբում վերջին բախումներն էին, իսլամական խմբավորումները վերցրել էին բոլոր հենակետերը, և երեկ չէ առաջին օրը դրանք Թուրքիա փախան: Հիմա այնտեղ վերահսկողություն է սահմանել Սիրիայի բանակը, և հիմա Քեսաբում վերահաշվման գործընթաց է. փորձում են պարզել, թե ինչքան է կազմում վնասը: Մի խումբ հայեր գնացել են, որ տեսնեն իրենց այդ եղած-չեղածն ինչ վիճակում է գտնվում»,- ասաց նա:

Սարգիս Հացպանյանը նաև ասաց, որ ներկա պահին դեռ ոչ մի քեսաբահայ իր տուն չի գնացել ապրելու: Ուղղակի այնտեղ տղաներ կան, որոնք ազատագրմանն են մասնակցել, կան կամավորներ, որոնք քեսաբցի են, և իրենց բարեկամներով գնացել են այնտեղ: «Ոչ ոք վաղն էլ, եկող շաբաթ էլ չի գնալու: Մինչև չհասկանան, որ բանակը 100%-ով տիրապետում է իրավիճակին, չեն վերադառնա: Դա բացառվում է, հիմա գնացողները գնացել են տեսնելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բնակիչները դեռ չեն շտապում վերադառնալ Քեսաբ:

Ինչ վերաբերում է հասցված վնասին, Սարգիս Հացպանյանը նշեց, որ այնտեղ հրդեհումից բացի մեծ վնաս չկա: Այնտեղ օդուժ չի օգտագործվել, ուստի վնասը շատ չէ, իսկ ամբողջ վնասն այդ իսլամական խմբավորումների ձեռքի գործն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Tert.am-ին ասել էր, որ քեսաբահայերը վերադառնում են Քեսաբ, և այնտեղ 100%-անոց անվտանգություն է:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Քեսաբ ավանի աղբյուրները հայտնել են, որ ապստամբները և «Ալ Կաիդա» խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները, որոնք գրավել էին քաղաքը մարտին՝ հարձակվելով Թուրքիայի կողմից, ետ են մղվել Քեսաբից: