lragir.am – Քեսաբի ազատագրման մասին լսելուց հետո Հայաստանում հաստատված քեսաբահայերն առաջիկայում մտադիր են վերադառնալ Քեսաբ: Հայաստանում ներկայում բնակվում է 16 քեսաբցի ընտանիք:
Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ապրող բոլոր քեսաբահայերի մոտ կա ծննդավայր վերադառնալու ցանկություն:
“Իրենք Հայաստան գալով՝ ասում էին, որ ժամանակավոր են եկել, հենց Քեսաբն ազատագրվի, գնալու են: Դա ընդհանուր տրամադրություն է իրենց մոտ, առաջիկա օրերին իրավիճակը պարզ կդառնա”,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Քեսաբից Հայաստան տեղափոխված ընտանիքներից է Ծյերոն Սաղբջյանի ընտանիքը: Նրանք Հայաստան են տեղափոխվել երկու ամիս առաջ և առաջիկայում պատրաստվում են վերադառնալ Քեսաբ: Ծյերոն Սաղբջյանի կինը՝ Հասմիկ Ավագյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած լուրեր են ստացել, որ Քեսաբն ավերված վիճակում է, բայց իրենց դա հետ չի պահում վերադառնալու մտքից:
“Մտադիր ենք առաջիկա օրերին գնալ Քեսաբ: Մեր տունն ու տեղն այնտեղ է, դրա համար ենք ուզում գնալ: Մեր շրջապատում կան քեսաբահայեր, որ դարձյալ ուզում են վերադառնալ: Այնտեղ իրենց պապենական հողերն են, ամբողջ ունեցվածքն է”,- ասաց Հասմիկ Ավագյանը:
Ծյերոն Սաղբջյանի ընտանիքը երկու ամիս բնակվելով Հայաստանում՝ բնակարանի և աշխատանքի խնդիրների է հանդիպել՝ ընտանիքի տղամարդն այդպես էլ այստեղ չի կարողացել աշխատանք գտնել:
“Դժվարությունները շատ են, առաջին հերթին թանկություն է, տան վարձերն են շատ, չենք հարմարվում: Բնակարանի խնդիրը շատ խիստ է դրված, մենք տարբեր առաջարկություններ արեցինք, որ ինչ-որ կերպ մեզ ընդառաջեն, մատչելի գներով կամ մասնակի վճարներով բնակարան ձեռք բերենք, սակայն մեկը չընդառաջեց, չլսեց մեզ”,- ասաց Հասմիկ Ավագյանը:
Քեսաբում այս ընտանիքը մեծ այգիներ է ունեցել, գյուղմթերքի առևտրով է զբաղվել: Հասմիկ Ավագյանն ասաց, որ Քեսաբում ապրելը հեշտ էր, սակայն այս օրերին լուսանկարներն են տեսնում, որ բնակավայրն ավերված վիճակում է:
“Ամենը թալանել ու ջարդուփշուր են արել, Քեսաբն ավերել են: Բայց դա չի կանգնեցնում քեսաբահայերին, իրենք ուզում են վերադառնալ իրենց ծննդավայր”,- նշեց նա: