galatv.am – Մայիսի 11-ին Քեսապում զոհ գնաց երկրորդ հայը՝ Վարդան Անանյանը, ով երկու զավակների հայր էր և Քեսապում օժանդակում էր սիրիական բանակի թիկունքին: Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար ԳԱԼԱ-ն զրուցել է Քեսապի գործադիր մարմնի ներկայացուցիչ Կարո Մանջիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Դեպքը տեղի է ունեցել Չալմա շրջանում՝ լեռան բարձունքի վրա: Ինքը բարձրացել է հենց այդ լեռան բարձունքի աղբյուրից ջուր խմի, այսինքն դա է այդ պահին հարմար եղել, որովհետև ինքն էլ բանակի թիկունքային օժանդակ ուժերից էր և այդ ուղղությամբ էր աշխատանքներ տանում: Ու հենց այն պահին, երբ նա ջուր խմելուց է եղել, հրթիռակոծում է սկսվել, Վարդանը դրա հետևանքով նահատակվեց»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպե՞ս է Վարդանի հետ միասին նույն շրջանում վիրավորված հայի վիճակը, Կարո Մանջիկյանը պատասխանեց. «Մյուս հայը ՝ Կարոն, վիրավորվեց: Ես հիվանդանոցից եմ գալիս՝ գնացել էի նրան տեսնելու, վիճակն այժմ կայուն է, արկի պայթյունից վնասվել է նրա ձախ ոտքը: Վիճակն ամեն դեպքում կայուն է և առաջիկայում էլ վիրահատական միջամտություն պետք է լինի: Իսկ Վարդանի թաղումն արդեն եղել է Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում»:

Իսկ թե ինչպես է ներկայում քեսապահայության վիճակն առհասարակ՝ Կարո Մանջիկյանը նշեց, որ թերևս ամեն ինչ նույնն է մնացել. «Երեսունյոթ հայ ընտանիք շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրել են: Նախաճաշ, ճաշ, ընթրիք՝ ամեն ինչ իր հունով շարունակում է ընթանալ, վիճակը կայուն է, սակայն դեռևս Քեսապ վերադառնալու հույս կարծես թե չկա: Քեսապից գաղթածներն ամբողջ Լաթաքիայով տարածված են՝ ընտանիքների տանը, հարազատների, բարեկամների և այդպես շարունակ, իսկ մնացյալն արդեն Սուրբ Աստվածածին եկեղեցում են»:

http://galatv.am/hy/news/rb-na-jur-xmeluc-e-eghel-hrtirakocum-e-sksvel-ardany-dra-het-anqov-nahatakvel-e-manramasner-esapic/